Image result for բանակՊՆ ներկայացրած նախագիծը 1000-ական դրամ վճարելու վերաբերյալ բազում քննարկումների տեղիք տվեց։ Անկախ այդ գումարի գանձման կերպերից, բաշխման սկզբունքներից և նախագծի հետ կապված այլ մանրամասներից և միգուցե, ըստ ոմանց, խոցելի կամ թերի կողմերից՝ նախաձեռնությունը ողջունելի է և կարծես մեզ մի քայլ մոտեցնում է մեզանում ազգային տուրքի գաղափարի ձևավորմանը և արմատավորմանը՝ յուրաքանչյուրին առիթ տալով այս ճանապարհով ևս մասնակից դառնալու հայրենաշինության սրբազան գործին։ Պետք է անպայմանավոր կերպով զորակցել նախագծի իրագործմանը։ Սա նվազագույնն է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է անել Հայոց բանակի ու նրա քաջարի զինվորների, Հայրենիքի և հատկապես ինքն իրեն համար։ Մի՞թե հանուն մեզ զոհաբերվող կյանքը և հեղվող արյունը, մեր ընտանիքների խաղաղ քունը և Հայրենիքի անդորրը չարժեն այդ զորակցության 1000 դրամը։ Ի վերջո, էական չէ, թե անհրաժեշտ այդ գումարը կգոյանա կամ կբավարարի հատուցման փոխարեն շարունակ մատուցվող անգին անձնազոհություններին։ Այստեղ, ըստ իս, կարևոր է գիտակցության, համընդհանուր սոցիալական պատասխանատվության մշակույթի ձևավորումը։ Շնորհակալ եմ, որ կարող եմ գեթ այսպես զորավիգ լինել Հայոց բանակին, նաև աշխատանքովս փաստել երախտագիտությունս, բերել խոնարհումս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել