Ծանոթության երկու հիմնական մարտավարություն կա` կախված նրանից, թե ով է նախաձեռնողը` տղա՞ն, թե՞ աղջիկը: Ընդունված է, որ առաջին քայլը պետք է տղան անի, քանի որ բնույթով նրանք ավելի ակտիվ են, հակված են դիմել ռիսկի և պատասխանատվություն կրել: Բայց դրա հետ մեկտեղ հաճախ նրանք ավելի ամաչկոտ ու անվճռական են լինում, քան աղջիկները կցանկանային: Ինչո՞ւ է այդպես: Տղաների մեծամասնությունը մտածում է, որ իրենք սխալվելու իրավունք չունեն: Իսկ դա նշանակում է, որ նրանք վախենում են հայտնվել անհարմար իրավիճակում և ծիծաղելի թվալ: Եվ եթե իրար ավելի լավ ճանաչելու առաջարկը մերժվի, կխաթարվի գործելու կամքը: Այս դեպքում կարելի է խորհուրդ տալ պարզապես թուլանալ: Տղանե´ր, հիշեք, որ աղջիկներն առաջին քայլը ձեզանից են սպասում և պարտադիր չէ, որ անչափ սրամիտ լինեք: Դուք բոլոր իրավունքներն ունեք քնքուշ և հանգիստ լինելու, միայն թե մի լռեք, այլ խոսեք ձեր զգացմունքների մասին: Եթե նույնիսկ ձեզ մերժում է սպասվում, սարսափելի ոչինչ չկա: Խելացի աղջիկը երբեք տղային անհարմար դրության մեջ չի գցի, իսկ մերժելը նրբանկատորեն ու առանց վիրավորելու կանի: Դա բնական է: Բնական չէ, երբ աղջիկը տնկում է քիթը` փորձելով նվաստացնել տղային:

Հիմա աղջիկների մասին: Մի կողմից` նրանց համար դժվար է, մյուս կողմից` հեշտ: Դժվար է, որովհետև անելով առաջին քայլը` վախենում են կորցնել սեփական արժանապատվությունը: Իսկ մեզ մոտ նախաձեռնող աղջիկներին կասկածամտությամբ են վերաբերվում: Հեշտ է, որովհետև բավական է աղջիկը ակնարկի և սպասի տղայի պատասխան արձագանքին, և կարիք չի լինի, որ նա զրույցը մինչև վերջ տանի: Սակայն և´ աղջիկներին, և´ տղաներին չարժե չափից մեծ խաղադրույքներ կատարել առաջին քայլի վրա: Եթե դա ձեր ճակատագիրն է, անպայման կծանոթանաք, եթե ոչ, մտահոգվելու պատճառ չկա:
Հիշե´ք, ծանոթության համար ոչ մի կանոն չկա
Չկան ստույգ արտահայտություններ, որոնցով կարելի է սկսել ծանոթությունը: Ավելի լավ է այլ բանից խոսենք: Հավանաբար ձեզանից շատերի հետ պատահած կլինի. հանգիստ քայլում ես, կողքովդ քայլում է գեղեցիկ տղա կամ աղջիկ, նայում է քեզ և ժպտում: Մտածում ես` լավ կլիներ նոր ծանոթություն հաստատել: Բայց պակասում է վճռականությունը: Նման դեպքերում ավելի լավ է քայլ անել և հետո զղջալ, քան չանել ու հենց դրա համար զղջալ: Ի՞նչ իմանաս, գուցե կողքից ճակատագիրդ է քայլում:
Հոգեբանի խորհուրդը
«Տարբերություն չկա` ով է անում առաջին քայլը: Ե´վ տղան, և´ աղջիկը կարող են զգացմունքներ ունենալ և իրավունք ունեն արտահայտել դրանք: Եթե համակրում ես դասընկերոջդ կամ համակուրսեցուդ, լավ ընկերներ եք, կարող ես հանգիստ լինել, որ եթե նրան պատմես քո զգացմունքների մասին, նա քեզ կհասկանա, և գուցե նոր սիրավեպ սկսվի: Ամեն դեպքում ավելի լավ է խոսել զգացմունքների մասին, քան ոչինչ չանել և տառապել»,- խորհուրդ են տալիս Կանանց ռեսուրսային կենտրոնի հոգեբանները:

Ծանոթության ժամանակ ամենահիմար սխալներն են
Տղաների համար
1. Ծանոթանալ հարբած վիճակում. դա ուժ է հաղորդում, բայց վանում է մարդկանց:
2. Ազատ պահել կամ նույնիսկ` հանդուգն:
3. Խելացի ձևանալ և ցուցադրել սեփական հզորությունը:
Աղջիկների համար
1. Բարձր ծիծաղել` փորձելով ուշադրություն գրավել:
2. Ընկերուհիներին ուղարկել տղայի մոտ հետախուզության:
3. Անդադար հիմարություններ դուրս տալ:



