Որքան փորձում եմ 1in.am-ի, նույն ինքը zhamanak.com-ի ոչինչ չասող վերլուծություններին ու ապատեղեկատվություններին չանդրադառնալ, ոչ մի կերպ չի ստացվում, քանի որ ամեն օր մի նոր որակի անտաղանդություն են շրջանառության մեջ դնում ու հավասարակշռությունից հանում: Գաղտնիք չէ, որ այդ կայքերի սեփականատեր Արման Բաբաջանյանը Ռոբերտ Քոչարյանի օրոք մի քանի տարի անց է կացրել ճաղերի հետևում: Բայց որքան էլ նա նեղացած լինի 2-րդ նախագահից, որքան էլ վրեժ լուծելու սևեռուն միտքն իրեն հանգիստ չտա, չի կարելի մի կողմ դնել լրագրողական պրոֆեսիոնալիզմը և Քոչարյանին հարվածելու փոխարեն մի լավ գովազդել. մեկ օրվա մեջ պարտադիր մեկից երկու պարզունակ նյութ նրա թեմային տրամադրելով: Իսկ մարտի 22-ի նյութերը պարզապես ցնցող էին. «Քոչարյանը խիստ տարվել է ինտերնետով և վերածվել մեծահարուստ տուրիստի», մյուսը. «Քոչարյանը Պուտինի մոտ դժգոհել է Ս.Սարգսյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունից»: Հարգելիս, եթե Քոչարյանն իր առանձնատանը նստած է համակարգչի առաջ իր առանձնասենյակում, դե կներեք արտահայտությանս, հիշյալ լրագրողը որտե՞ղ էր նստած, որ տեսնում էր, թե նա ինչ կայքեր է մտնում: Կամ էլ՝ Պուտին-Քոչարյան «Տետ-ա-տետ» հանդիպման մասին բացի փաստից, ոչ մի հաղորդագրություն թեման մանրամասնող չի տարածվել: Այդ որտեղի՞ց 1in.am-ին հայտնի դարձավ, թե կողմերն ինչի մասին են խոսել: Ի դեպ, ճշմարտության առաջ չմեղանչելու համար նշեմ, որ այդ հարցում Ա1+-ն էլ հետ չմնած իր գործընկերոջից: Նա էլ սարսափահար փորձում էր հանգստացնել հայ հասարակությանը, թե մի անհանգստացեք. Քոչարյանն ուղղակի Պուտինից աշխատանք է խնդրել: Այդ հավաստի ինֆորմացիայի տարածողներից 1in.am-ի լրագրողը հանդիպման ժամանակ հավանաբար սեղանի տակ էր գտնվում, իսկ Ա1+-ի լրագրողը՝ պահարանի գլխին:

Եթե Քոչարյանի դեմ այս խուճապահար պայքարը որոշ լրատվամիջոցների նախաձեռնությունն է, դա դեռ ոչինչ, բայց, եթե նրանց այս պատվերն իջեցվում է Բաղրամյան 26-ի երիտասարդ քաղտեխնոլոգների կողմից, ապա դա արդեն շատ վտանգավոր է իրենց պաշտպանյալ գործող նախագահի համար: Միտքս պարզաբանելու համար խոսեմ օրինակների լեզվով: Ռուսաստանը վառելիքաէներգետիկ ռեսուրս արտահանող երկիր է, իսկ Չինաստանը՝ ներմուծող: ԱՄՆ-ն տարբեր առումներով երկուսին էլ, թեպետ թույլ, բայց, այնուամենայնիվ, իրեն մրցակից է համարում, ուստի դեմ չի, որ նրանց իրենց տեղը նստացրած պահի մշտապես: Եթե էներգառեսուրսների գները բարձրացնում է, ապա դրանից տուժում է Չինաստանը, իսկ մեծապես օգտվում Ռուսաստանը: Եթե գներն իջեցնում է, ապա Ռուսաստանն է տուժում, իսկ Չինաստանը լրջորեն շահում, քանի որ առանց այն էլ իր էժան ապրանքով ողջ աշխարհն է ողողել, էլ ուր մնաց, որ էներգակիրների գներն իջնեն: Ուստի ԱՄՆ-ն քաջ գիտակցում է, որ նույն վաղելիքաէներգետիկ սանձով չի կարող միաժամանակ սանձել թե՛ Ռուսաստանին, թե՛ Չինաստանին: Դա է պատճառը, որ ԱՄՆ-ն յուրաքանչյուր դեպքում տարբեր գործիքներ է կիրառում, կամ էլ մերթընդմերթ սանձում ու սիրաշահում մե՛կ Ռուսաստանին, մե՛կ Չինաստանին:

Մյուս օրինակն էլ ժողովրդախոսակցական ժանրից. «Հնարավոր չէ անել այնպես, որ համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարները ողջ»:

Հիմա փորձեմ ասելիքս տրանսֆորմացնել Քոչարյանի հետ կապված իմ օրինակի վրա: Հնարավոր չէ Քոչարյանի վերադարձը կապելով Ծառուկյանի հետ հա՛մ ժողովրդին դրանով հիասթափեցնել ԲՀԿ-ից, հա՛մ էլ իշխանական բուրգը ամուր պահել: Լավ ինֆորմացված չինովնիկները, Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից «աբիժնիկ» յուրայիններն ու քրեաօլիգարխիկ համույյթը թեպետ տեսնում են, որ ԲՀԿ-ի վարկանիշը բավական բարձր է, բայց վստահ են, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող դեմ դուրս գալ նախագահ Սարգսյանին. դա հղի է կանխատեսելի հետևանքներով: Բայց, եթե Քոչարյանը կանգնի Ծառուկյանի թիկունքին, ապա իրավիճակը միանգամայն այլ կլինի: Ուստի այս պարագայում պարզապես ինքնասպանություն է առավոտից երեկո Քոչարյանի վերադարձի մասին խոսել ու դա կապել Ծառուկյանի հետ, այն հույսով որ ընտրողը դրա պատճառով երես կթեքի ԲՀԿ-ից: Նախ թե՛ Քոչարյանը, թե՛ ԲՀԿ-ն հերքում են այդ կապը: Բացի դրանից, այդ ենթադրվող կապը հասարակ ընտրողի շատ ավելի քիչ ձայն կպակասեցնի ԲՀԿ-ից, քան սպասում են այդ միտքը համառորեն շրջանառողները, փոխարենը լուրջ լծակների տիրապետող իշխանական բուրգի ներկայացուցիչներին կստիպի մանևրել գործող ու նախորդ նախագահների միջև:

Այնպես որ, եթե ուզում եք, որ Քոչարյանը չվերադառնա, պարզապես հրապարակայնորեն մի գերագնահատեք նրա դերը մեր քաղաքական գործընթացներում, ու դրանից սարսափած էլ մի փորձեք հրապարակայնորեն թերագնահատել նրան, քանի որ դա միանգամայն հակառակ արդյունք է տալիս: Իսկ Քոչարյանի դեմ պայքարը պետք է լինի ընդհատակյա, անդրկուլիսային, և որ ամենակարևորն է՝ գրագետ: Բայց քանի որ շատ-շատերը զբաղված են Քոչարյանի վրա ինքնամոռաց հարձակմամբ իրենց մի կտոր հացը վաստակելով, ապա այդ դեպքում նրանց համար գերադասելի է հրապարակային անարդյունավետ պայքարը, քան չերևացող արդյունավետը: Քանի որ վերջինս դեռ պետք է կարողանան նյութականացված ապացուցել ու ներկայացնել նախագահական նստավայր, որպեսզի դրա դիմաց էլ նյութական օգնություն ստանան: Չէ՞ որ հայի ինտելեկտը միայն իշխանական կարգախոսներում է գնահատվում, ոչ երբեք իրական կյանքում, դրա համար էլ արդյունքն այս տխուր իրավիճակն է, որում հայտնվել ենք ու դուրս գալ ոնց որ չենք էլ պատրաստվում:           

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել