Մի հարց կա, որ անգամ նախագահական այս թոհուբոհի մեջ ինձ, կարծում եմ նաև շատերին,հանգիստ չի տալիս: Խոսքը Սյունիքի արոտավայրերը հարևան երկրին վարձակալության տալու մասին է:

Հենց սկզբից ասեմ, որ նման առաջարկը ընդհանրապես ընդունելի չէ: Նույնիսկ Աֆրիկայում կամ Ամազոնի ավազանում այդպիսի վարձակալություններ չեն լինում, էլ ուր մնաց մեր հողերի վրա աչք տնկած հարևանների պայմաններում: Երբ նույնիսկ այսօր, նորմալ հարևան համարվող երկրի այաթոլլաներից մեկն իր նախընտրական լոզունգներից մեկով խնդիր է դնում անարյուն Իրանին վերադարձնել Հայաստանը: Իսկ մենք այդ լոզունգն իրականություն դարձնելու ճանապարհն ենք հարթում մեր հիմար «բիզնես պլանով»: Չկշռադատված այդ պլանի մասին շատերը խոսեցին: Եվ հիմնական շեշտադրումն արվեց՝ ոչխարներն անապատի կվերածեն արոտավայրերը:
Չխոսվեց շատ ավելի վտանգավոր խնդիրների մասին: Հպանցիկ նշվեց, որ տարածքներ են առանձնացվելու այդ հոտերը խնամողների բնակության համար: ԱՀԱ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ: Այսպես. այդքան ոչխար պահելու համար քանի՞ հովիվ, քանի՞ անասնաբույժ, այլ սպասարկողներ են պետք: Մոտավորապես պատկերացրի՞ք: Դրանք էլ հո առանց իրենց կանանց չեն գալու: Ամեն մեկն էլ բազմապատկեք 2-ից 4-ով (նայած քանի կին ունի): Նկատի ունեցեք եղած և նոր ծնվող երեխաները: Չի խանգարի բազմապատկել 10-ով (այդքան տարով է կնքվում պայմանագիրը): Ի՞նչ է որ: 2-3 փոքր քաղաքի բնակչություն ստացվում է: Մեր փառապանծ մարզպետն էլ ասում է, որ ժամանակին ադրբեջանցիներն այդ արոտավայրերն օգտագործում էին: Հիմա դրանք չեն օգտագործվում: Հետաքրքիր է՝ քանի՞ ադրբեջանցի, ի հուրախություն մեզ, ժամանակին լքեցին Սյունիքը: Այդքա՞ն, թե՞ ավելի իրանցիներ են սպասվում ըստ մարզպետի: Առանց օտարների շատ տխո՞ւր է: Էլ չեմ ասում իրենց հետ ներմուծվող հիվանդությունների, բնության ապականման, նարկոտիկների ներթափանցումն ակտիվանալու, մեր բարոյական չափանիշներին հասցվող հարվածների ուժեղացման մասին:
Եվս մեկ հարց: Այդքան ոչխարն սահմանն անցնելիս ինչպե՞ս են անասնաբուժական և սանիտարական ստուգում անցնելու: Հարևաններն ասում են, որ դա իրենք են անելու: Իսկ իրենք մեկ առ մեկ և մանրակրկիտ ուսումնասիրելու, դրա համար հսկայական գումար ծախսելու համար արդյոք շահագրգռվա՞ծ են: Կարծում եմ՝ ոչ: Իսկ դա նշանակում է մեր երկրում անասունների հիվանդությունների ակտիվացում, հին և նոր մակաբույծների ներմուծում: Դա կլինի անասնաբուժական աղետ ոչ միայն Սյունիքի, այլև ամբողջ հանրապետության համար:
Եվ այս ամենն ինչի՞ համար: Եթե կարիք կա Սյունիքի արոտավայրերն օգտավետ, ի շահ Հայաստանի օգտագործել, ապա թող փառապանծ մարզպետը մտածի այնպես անել, որ մարզի յուրաքանչյուր գյուղաբնակ հնարավորություն ունենա շատ անասուն պահել և իր սեփական արտադրանքն ավելի նպաստավոր գնով արտահանել նույն հարևան երկիր:
Մի նկատառում ևս: Պետք չէ այս վտանգավոր պատմության ամեն ինչը բարդել Սյունիքի մարզպետարանի ինչ-որ չինովնիկի կամ նույնիսկ զորեղ համարվող մարզպետի վրա: Մենք բոլորս էլ լավ գիտենք, որ առանց նախագահականի և վարչապետականի թույլատվության ու հանձնարարականի այդպիսի հարցերը մեջտեղ չեն գալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել