ՊԵԿ-ը ձերբազատվում է «չարաբաստիկ» կենտրոնից
Դեռևս 2011 թվականին «Դիլիջան» ազգային պարկի մի հատված` 22.5 հա-ի չափով, կառավարության որոշմամբ հատկացվել էր ՊԵԿ-ին` սեմինարների, վերապատրաստումների ու հանգստի կազմակերպման նպատակով:
Տեղամասը գտնվում է Ազգային պարկի ռեկրեացիոն գոտում, Դիլիջանի վարչական սահմանում: ՊԵԿ-ը պարտավորվում էր հողի հարկի չափով վարձավճար վճարել պետբյուջեին, ինչպես նաև ձեռնպահ մնալ կառուցապատումից: Այդ տարածքի սահմաններում գտնվում է պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող միջնադարյան գյուղատեղի, սակայն մշակույթի նախարարությունն առարկություն չի ներկայացրել:
Նշված կառույցի վերաբերյալ վերջին հինգ տարիների ընթացքում եղել են բազմաթիվ հրապարակումներ, տարբեր անհատներ, պատգամավորներ և բնապահպաններ խոսել են այս կենտրոնի «կույր աղիք» լինելու փաստի մասին: Խոսվում էր, որ կառույցում ընթանում է բավականին թանկ շինարարություն և ձեռք բերվող գույքն անհասկանալի աստղաբաշխական թվերի է հասնում:
Ուսումնական կենտրոնն առավել հայտնի է որպես «էլիտար զվարճանքի» կենտրոն: Դրա կառուցման վրա պետբյուջեից ծախսվել են միլիոնավոր դոլարներ և շարունակվում են ծախսվել: Կառավարությանը հատկացված պահուստային ֆոնդից պարբերաբար պետական գումարներ են հատկացվել:
Գործադիրի այսօրվա նիստում ՊԵԿ ղեկավարը հայտարարեց, որ Դիլիջանի ուսումնական կենտրոնը փոխանցվում է ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը: Նախագծում նշվում է, որ հաշվի առնելով, որ ներկայումս աննպատակահարմար է ՊԵԿ-ի կողմից կենտրոնի շահագործումը` նախագծով նախատեսվում է օբյեկտն ամրացնել պետգույքի կառավարման վարչությանը` հետագայում Կենտրոնն օգտագործման իրավունքով այլ անձի հանձնելու պայմանով:
Թե իրականում ինչ ճակատագիր կունենա կենտրոնը, առայժմ հայտնի չէ: Այն ամենայն հավանականությամբ կօտարվի, իսկ դրա արդյունքում ոչ միայն այս տարիների ընթացքում ծախսված գումարները հետ կգան բյուջե, այլ, ըստ էության, պետությունը շահույթով դուրս կգա: Սա այս կենտրոնի հետ կապված թերևս լավագույն լուծումն էր: