Image result for ԹրամփՄի քանի օր առաջ ընկերներիս ասեցի, թե եթե խաղադրույք դնելուց լինեմ, կդնեմ Թրամփի հաղթանակին: Ոչ թե որովհետեւ 100 տոկոս վստահ էի, որ կհաղթի, այլ որովհետեւ ահագին հավանական էի համարում, խաղադրույքն էլ՝ արդարացված ռիսկի մեջ: Ես, իհարկե, մենակ չէի էդքան «խելոք»: Էլի մարդիկ կային, որ հավանական էին համարում Թրամփի հաղթանակը: Բայց կար, այդուհանդերձ, մեծամասնություն, որը երկաթյա վստահություն ուներ, որ նման բան լինել չի կարող: Ի՞նչն է խնդիրը: Մի կարեւոր պահ կա: Քաղաքական լուրջ փոփոխությունները կանխազգալու համար պետք է անջատել քո միջի «լավ, ճիշտ, պուպուշ» տղուն, ու միացնել՝ «վատ տղուն», «չար հանճարին»: Կան սովորական քաղաքական ժամանակներ, երբ հաղթում է կանխատեսելին, ճիշտը, «պուպուշը», ու կան անցումային, ասնովոր ժամանակներ, երբ հաջողության է հասնում կաղապարներից դուրսը: Սա հին հեքիաթ է, երբ թագավորի կամ թագավորության ուժը սպառվում է, դառնում է անհամոզիչ, հայտնվում է մեկը, ում հռչակում են ծաղրածու, եւ նա դառնում է նոր թագավոր: Թագավորությունը տվյալ դեպքում համաշխարհային այն իրավիճակն է՝ խոսքը, դիրքորոշումը, հավասարակշռությունը, որը տիրապետող էր վերջին մոտ 30 տարում: Բայց ժամանակները փոխվում են, «ձմեռը գալիս է», եւ քաղաքական կանխատեսման համար կարեւորը դառնում է ոչ թե տրամաբանական թվացող հաշվարկը, այլ քաղաքական զգացումի հիմքերի հիմքը՝ ժամանակի զգացողությունը, որից կառուցվում է նոր տրամաբանությունը (ամեն քաղաքական տրամաբանություն անցողիկ է ու ժամանակավոր): Կարեւոր չէ՝ նորը լավն թե վատ: Կարեւոր է հասկանալ, որ նորը եկել է, ու պետք է դրա հետ լեզու գտնել. սա է քաղաքական զգացողության հիմքերի հիմքը, քաղաքական բնազդը: Անիմաստ է բողոքել նորից, երբ նրա ժամանակը գալիս է, պետք է հասկանալ, թե նորի հետ ինչ է պետք անել: Սա ընդհանրապես, իսկ թե ինչ կապ ունի սա Հայաստանի հետ, մի ուրիշ անգամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել