1990-ականների վերջերին՝ երկաթե վարագույրների վերացումից և ՀՀ-ում իրավիճակի որոշակի կայունացումից հետո շատ հայ երգիչ-երգչուհիներ հպարտանում էին սփյուռքում իրենց լեփ-լեցուն դահլիճներով: Մի անգամ երաժիշտներից մեկը նշեց, որ սփյուռքում հայերը այնքան ծարավ են հայկական ոգուն, որ եթե անգամ բեմին հայտվի Երևանից բերված աշնան տերև, ապա կհավաքվի նույն լեփ-լեցուն դահլիճը:
Այսօր մեր ներքաղաքական իրադարձությունները ինձ հիշեցնում են այս նույն պատմությունը: Մեր ազգաբնակչությունն այնքան հոգնած ու հուսալքված է, որ պատրաստ է կանգնել գրեթե ցանկացած մեկի կողքին, ով դեմ է տիրող իրավիճակին և ռեժիմին ընդհանրապես: Ամենևին չեմ ցանկանում ստվերել Րաֆֆի Հովհաննիսյան անձի դերը այս շարժման գործում: Նրա հարիզման, բնականաբար, կրկնապատկում է ընդդիմադիրների քանակը: Սակայն այսօր նրա կողքին են մարդիկ, ովքեր երբեք չեն համակրել իրեն կամ իր ղեկավարած կուսակցությանը: Սա խոսում է փոփոխությունների և ընդհանուր առմամբ իշխանափոխության ծարավի մասին:
Շատ իշխանամետ գործիչներ անընդհատ նշում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չունի համակրողների հստակ զանգված, նրա շուրջը հավաքված զանգվածը բազմազան է և անորոշ: Ինչ-որ տեղ համաձայնելով նրանց հետ՝ նշեմ, որ այս խոսքերը առաջին հերթին բումերանգի նման վերադառնում են վերոնշյալ գործիչներին, քանզի իրենց երկարամյա, մեղմ ասած, անբարենպաստ քաղաքական կուրսի պատճառով է, որ այսօր ժողովուրդը գործում է «ցանկացած մեկը, բացի Սերժ Սարգսյանից» սկզբունքով:
Հետընտրական գործընթացում, փաստորեն, Րաֆֆի Հովյաննիսյանը դարձավ իրավիճակային լիդեր, այսինքն՝ գոյություն ունեցող պայմանների ազդեցությամբ նա դարձավ առաջնորդ և ձեռք բերեց շատ ավելի մեծ հեղինակություն և համակիրների հսկայական բանակ: Նա դարձավ այն աշնան տերևը, որի շուրջ համախմբվելով ՀՆԱՐԱՎՈՐ Է արմատախիլ անել իշխանական անտառները: Մնում է միայն ասել՝
- Բարև՜, աշնան տերև:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել