Ապրիլին տեղի ունեցած 4-օրյա պատերազմը ցույց տվեց, որ զինծառայողների սոցիալական պաշտպանության համակարգը կատարելագործելու կարիք կա: Այս հարցում կառավարության համար լուծումներ գտնելն այնքան էլ հեշտ գործ չէ՝ պետության միջոցները շատ սուղ են, իսկ բնակչության սոցիալական դրությունը՝ ոչ բարվոք:
Այնուամենայնիվ, գտնվել է բանաձև, որի համաձայն՝ 2017թ. հունվարի 28-ից՝ մեր բանակի 25-րդ տարեդարձի օրվանից, ծագող դեպքերի համար կնախատեսվեն նոր, զգալիորեն ավելացված վճարներ: Զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն դրամ ապահովագրական վճար:
Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն 300 հազար դրամ՝ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ՝ ենթասպաների և 200 հազար դրամ՝ շարքայինների դեպքում: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 և 150 հազար դրամ:
Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է հազար դրամ: Հիմնադրամը նաև հավաքագրելու է կամավոր նվիրաբերություններ: Գումարը ծախսվելու է բացառապես ապահովագրական վճարները վճարելու նպատակով: Հիմնադրամի ստեղծումը կարևոր քայլ է, քանի որ յուրաքանչուր անձ վճարումները կկատարի՝ հստակ գիտակցելով, թե ինչ խնդրի լուծմանն է միտված այդ գումարի վճարումը:
Նշենք, որ չնայած տրամադրվող գումարները փոքր-ինչ կթեթևացնեն զինծառայողների ընտանիքների սոցիալական բեռը, սակայն դեռևս չեն հասել այն մակարդակին, որը կապահովեն սոցիալական լիակատար պաշտպանվածություն: Իսկ սոցիալական պաշտպանվածության ամենաբարձր մակարդակի ապահովումը ապագայի խնդիր է: