Միշո… Արտիստ, ում մասին կարելի է գրել ու գրել, խոսել ու խոսել: Մարդ, ով իր ժամանակի համար իրոք հեղափոխական էր՝ Չէ Գևարայի նման մեկը, ում սկզբում պարզապես չէին գնահատում: Գուցե հանճարների ճակատագիրն է այդպիսին… Գուցե նրանք ծնվել են խարանով՝ լինելու չգնահատված ժամանակակիցների կողմից: Գուցե համընդհանուր մերժվածությունը ու անվերջ պայքարն է մղում նրանց այդքան լավը դառնալ իրենց տեսակի մեջ: Պայքարի բովում եփվել, ինքն իրեն անվերջ գերազանցել… Գուցե սիրո և ջերմության ամպլոայում ըմբոստությունը տեղի տա, իսկ ինքնակատարելագործման մեխանիզմը բթանա, գուցե չափից շատ սերը ստիպի մտածել ոչ թե մարդկանց ու քեզ շրջապատող խնդիրների մասին, այլ ինքդ քո մասին: Գուցե այդ սերը քեզ ստիպի ցրվել ու թուլանալ: Ստիպի մոռանալ այն նրբությունները, որ գիշերային անվերջ փորփրումների արդյունքում քամել էիր կյանքից, ստիպի այլևս արհամարհել կյանքի մեխանիկան… Ստիպի աշխարհն այլևս ընկալել սեփական ԵՍ-ի պրիզմայից:
Միշոյի հետ եղավ հենց այն, ինչ վերևում գրել եմ: Չափից շատ սերը հղփացրեց պատանուն, դեֆորմացրեց նախկին Միշոյին ու դարձրեց մեկը, ում ես հիմա հրաժարվում եմ ընդունել: Միշոյի այս տեսակն ինձ համար հիմա ընկալելի չի:
Ռեփի համաճարակի տարածման սկզբնական տարիներին Միշոյին հաջողվեց երկու փառահեղ ալբոմ հեղինակել, որոնք մինչև հիմա կան ձայնադարանումս: Ապա եկավ այնքան սպասված «Քաղաքը խոսում ա, լսեք» ալբոմը: Ջազային մելիզմները ցնցող էին, իսկ բառերը ծակում ու մտնում էին ներաշխարհդ, ամեն ինչ խառնում իրար ու հրաժարվում դուրս գալ այնտեղից: Միշոյի երգերը դառնում էին քո մի մասը, դառնում էին կյանքի ուղեցույց:
Բայց 2009-ից սկսեց Միշոյի դեգրադացիան: Չգիտեմ ինչու: Ավելի շուտ գիտեմ, բայց պատճառները հավանաբար մեկից ավելին էին: Երգերի թեմաները պակասել էին, տեքստերն էլ այն չէին, չնայած գործիքավորման մասով առաջընթաց միանշանակ կար: Միշոն դադարեց երգել պրոբլեմների մասին ու սկսեց մի զզվելի ֆազա, որը ես կոչում եմ «Զվյոզդը տանելու էտապ»: Նրա բոլոր երգերի հերոսը, Աստվածն ու սուպեռ մաչոն հենց Միշոն էր: Նրա շուրջ էին ծավալվում բոլոր դեպքերը ու միակ բանը, ինչ մնում էր երգից հետո, դա այն էր, թե ինչ հզոր տղա է Միշոն: Ինչը շատ վերապահումներով մասամբ էր միայն համապատասխանում իրականությանը: «Իմ լեզուն» ալբոմը Միշոյի՝ որպես արտիստի դեգրադացիայի վերջն էր: Սեփական անձի այդչափ վեր հանումը ականջ էր ծակում: Թերևս բավարար է նշել միայն երգերի վերնագրերը ու Միշո չլսողին հասկանալի կդառնա, թե թաղի հասարակ տղա Միշոն ինչքան է հղփացել փառքից: Իմ Լեզուն, Նվիրում եմ Ինձ, Դիմում եմ Հայերին, Հանգիստ եմ Տանում, Ես Կբուժեմ, Մ.Ի.Շ.Ո.-ն Էդ Հապավումա, Ով եմ Ես, Լիքը Ասելիք Ունեմ: Բոլոր տեղերում ես, ես, ես… ԶԶՎԵԼԻ Է:
Երեկ իմացա, որ նոր ալբոմ է պատրաստվում թողարկել: Չգիտեմ՝ ինչի է որոշել: Վստահ եմ՝ ինքն էլ չգիտի: Գուցե այլ աշխատանք չի գտնում, իսկ բեմից հրաժարվելը բարդ է: Չեմ մեղադրում: Նույնիսկ Դանկոյի սիրտը անվերջ լուսարձակել չկարողացավ: Ամեն ինչ օրինաչափ է: Անվեջ գեներատորներ չկան: Միշոյի միտքն էլ անվերջ գեներատոր չէ: Թեմաները մի օր վերջանալու էին: Ես դա նկատել եմ, ճիշտ կլինի՝ ինքն իրեն դա խոստովանելուց չամաչի: Գիտեմ՝ բարդ է, բայց պետք է:
Նոր ալբոմից մի երգ արդեն թողարկվել է տեսահոլովակով: Բացարձակապես ոչ մի իմաստ չի պարունակում: Մի բառի շուրջ բառախաղ: Սա՞ է Միշոն: Չէ, Միշո ջան, դադարացրու: Խայտառակում ես քեզ: