... Մեքենան կրկին շրջվում է մի այլ փողոց, ու ես նորից պահում եմ շունչս.
Շենքի հետևում Արարատն է:
Ձեռքով կողքի քաշես շենքը ու կարող ես կպնել լեռանը:
Մռթով:
Սրտով:
Ամբողջ մարմնով:
Էությամբ...
Հոգիս ներս է սեղմվում. Այ հիմա, եթե էլի ուղիղ գնանք, մխրճվելու ենք մեջը:
Մինչ կուլ եմ տալիս տարածությունը աչքերով, մեքենան էլի թեքվում է փողոցով. Տարօրինակ փողոցներ են Երևանում, թվում է ուղիղ ես գնում, հանկած փողոցը գալարվում է ու հոպ` դիմացդ շենք է դուրս գալիս, համ նման մյուսներին, համ տարօրինակ տարբեր:
Տաքուկ, թեթև, օդեղեն... վրան սյուներ, քանդակներ` ասես մեկը շոյել է տաճար ու եկեղեցի ու արև ու հող-երկինք-... շոյել է ինձ, հետո ձեռքը քսել շենքերին...
Քաղաք` կարոտի պես. Ցավի պես չէ, այլ կարոտի: Կարոտը սիրո հետքն է: Անցած սիրո չէ, ապրող:
... Փնտրում եմ` հո չե՞մ կորցրել Արարատը. Չէ. Ահա. Ոչ մի շենք չի փակում այն. Գնում ես փողոցներով ու կարող ես անընդհատ տեսնել սարը: Ով ունի այսպիսի բախտ. ապրել սարն աչքի առաջ: Ապրել` ինքնամաքրման նվերով: Ես աչքերով շոշափում եմ նրա ամեն ծալքը, մեծացող երեխայի պես հետևում հալվող ու փայլող ձյուներին, ճակատս քսում եմ վրան ու մտքերս զուլալում:
Իմ սպիտակ սար` կապույտ երկնքս ու կանաչ, անդավաճան սերս...
Ես սիրում եմ Երևանը, այն ստեղծողին, ամեն հաջորդ ստեղծողին, որ ասես նույն երակներով են կապված իրար հետ. ու գիտեմ, որ այս քաղաքով իմ հուշերը կկապվեն իմ հետոներին... Հայացքները կհպեն Արարատին, ամեն ոլորապտույտից հետո կշնչեն այս... շունչ կտրվելը. Կխեղդվեն այսպես, իմ պես, ահագնացող սիրով, այդ սերն ընպելով ու ես հանգիստ կլինեն նրանց մաքրվող մտքերի համար... Սիրեմ նրանց քաղաքը` նման ու տարբեր խաչքարների պես` հայացքը արևածագին` Արարատին...