Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում պատարագ է մատուցել 1000 բանտարկյալների առջև՝ կոչ անելով նրանց չկորցնել հույսը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

12 երկրներից բանտարկյալները ժամանել էին պատարագի՝ իրենց հարազատների, թիկնապահների, բարեգործական կազմակերպությունների կամավորների հետ։ Ընդհանուր առմամբ նրանց ուղեկցել է մոտ 3000 մարդ։

Տաճարում ոստիկանության ակնհայտ ներկայություն չի դիտվել։ Վատիկանում կիրակնօրյա պատարագից առաջ անվտանգության որևէ հատուկ միջոցառումներ չեն ձեռնարկվել։

Իր քարոզում քահանայապետը դիմել է քաղաքական առաջնորդներին՝ բանտարկյալների արժանապատվությունը հարգելու, առաջին հնարավորության դեպքում նրանց ներելու և մահապատիժը չեղարկելու կոչով։

Պապը պարբերաբար այցելում է ազատազրկման վայրեր, սակայն նման մեծ թվով բանտարկյալներ Սուրբ Պետրոսի տաճար էին հրավիրվել առաջին անգամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել