Panorama.am-ը գրում է.
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները այսօր առավոտյան այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»՝ արձագանքելով «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ հայտարարություններին:
Այցի արդյունքներով, ՄԻՊ աշխատակազմից ներկայացնում են մանրամասն հաղորդում Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ.
«Երեկ երեկոյան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փոխանցել է տեղեկություններ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ: Այս մասին տեղեկություններ են հրապարակվել նաև զանգվածային լրատվության միջոցներով:
Այսօր վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ-մասնագետը և Արագ արձագանքման վարչության մասնագետը ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույց են ունեցել Հ. Հարությունյանի հետ և մանրամասն ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այս հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտական հսկողության ներքո:
Արդյունքում՝ Հ. Հարությունյանի առողջական վիճակի, մասնավորապես՝ նրա ոտքի սևանալու, անզգայանալու և սառչելու վերաբերյալ տվյալները չեն հաստատվել:
Այսպես՝
Պաշտպանի աշխատակազմի բժիշկ-մասնագետի կողմից Հ. Հարությունյանի ոտքի զննության արդյունքում պարզվել է, որ վերջինս ազատ ծալում և բացում է կատարում աջ ոտքի ծնկային հոդում, իսկ ոտնաթաթն ազատորեն կարողանում է շարժել:
Արտաքին բժշկական զննման արդյունքում պարզվել է, որ ոտքի մաշկը գունային փոփոխության ենթարկված չէ: Կախված դիրքում երկար ժամանակ գտնվելիս նկատվում է ոտնաթաթի թեթև արտահայտված կարմրություն:
Ոտքի ջլային և ներբանային ռեֆլեքսները, զգայունությունը պահպանված են, ազատորեն շարժում է ոտքի մատները, արձագանքում հպումներին:
Այցի պահին Հովհաննես Հարությունյանը գուլպաներ չի կրել, և նույնիսկ այդ պարագայում հենց ինքը Հ. Հարությունյանը պնդել է, որ իր ոտքերը սառած չեն:
Հ. Հարությունյանի հետ առանձնազրույցի ընթացքում նա հենակների օգնությամբ, ոտնաթաթը հատակին թեթև հենելով, տեղաշարժվել է սենյակում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



