Յուրաքանչյուր կնոջ սխալում տղամարդու մեղք կա: Նշանակում է, որ կնոջ սխալի համար պատասխանատու է տղամարդը: Այս մոտեցումն այնքան հին է, որ տպավորության կա, թե այդպես եղել է ի սկզբանե: Տղամարդուն է վերապահված որոշելու լավն ու վատը, չարն ու բարին: Նա օրենսդիր է և կառավարիչ, առաջնորդ ու զինվոր: Կարճ ասած՝ մենք որոշում ընդունող ենք: Մեր գերակա պարտականություններից է ընտանիքի բարեկեցության և անվտանգության ապահովումը, գերխնդիրը՝ տեսակի պահպանումը: Այս առումով տղամարդուն կարող են կործանել ծուլությունը, փոքրոգությունը, մոլախաղը, թմրամոլությունը, վատ սովորությունները, որոնց տրվելով՝ նա կարող է վերածվել, մեղմ ասած, ոչ տղամարդու: Այնուամենայնիվ, մեր ամենամեծ հետաքրքրությունն ի սկզբանե կինն է: Եվ ինչքան էլ ասենք, որ տղամարդուն է վերապահված նախաձեռնության և գնահատման իրավունքը, կինը նույնպես ուշադրության ու մեծարման կարիք ունի՝ անկախ սոցիալական վիճակից: Սա հաշվի առնելով՝ նոյեմբերի առաջին շաբաթ օրը նշվում է որպես տղամարդկանց համաշխարհային օր: Եվ չնայած ներկայում որոշակի աղավաղվում է իսկական տղամարդու կերպարը, այս տոնը առիթ է՝ հիշեցնելու տղամարդու բուն կոչումը, այն է՝ սիրել կանանց, բարձր պահել տղամարդու պատիվը, պաշտպանել Հայրենիքի ազատությունը և, իհարկե, անդուլ աշխատել տեսակի բազմացման և պահպանման ուղղությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: