Armtimes.com-ը գրում է.
«Աչքներս լույս, լավ բան է՝ առաջին ձյուն»:
Խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ հարցին, թե արդյոք քաղաքապետարանը պատրաստվե՞լ էր առաջին ձյանը:
Ճշտող հարցին՝ լա՞վ բան է, քանի որ միշտ ձնամաքրման աշխատանքների հարցով քաղաքապետարանին քննադատում են, Արեյանն ասաց.
«Բնություն, ձյուն, առաջին, էն էլ՝ առաջին: Առաջին սերը, ինչպես, որ հացը, միշտ կուտ է գնում: Առաջին ձյունը, ինչպես սերը, միշտ հալվում է ու գնում»:
Հարցին՝ իսկ երկրորդ ձյանը քաղաքապետարանը պատրաստվո՞ւմ է, ավանդական աղ ու ավազո՞վ են մաքրելու, Արեյանը պատասխանեց.
«Պատրաստվում ենք: Բնության առջեւ ոչ մեկը չի կարող ասել՝ բնություն, ես քո առջեւ 100 տոկոս պատրաստ եմ: Բնության անակնկալներն անկանխատեսելի են, բայց մեր եղած ռեսուրսի մեջ մենք պատրաստվում ենք, որ քաղաքը սպասարկենք»:
Դիտարկմանը, որ Հիդրոմետը զգուշացնում է տեղումների մասին, բայց քաղաքապետարանի համար անակնկալ է լինում, Կամո Արեյանը պատասխանեց.
«Երեւանում այսօր չունեինք ձյան կանխատեսում»:



