Image result for ԳազԳազի սակագնի նվազեցման «դոմինոյի» էֆեկտը

Վերջին մեկուկես ամսվա ընթացքում լուրջ քննարկումների առարկա է դարձել գազի սակագնի վերանայման հարցը: Այս առիթով տարբեր փորձագետներ փաստում էին, որ իրական հնարավորություն է ստեղծվել գազի գինը նվազեցնելու համար:

Նախօրեին արդեն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես նշվում էր, թե ընկերությունը պատրաստվում է դիմել ՀԾԿՀ-ին գազի սակագինը վերանայելու համար: ՀԿԾՀ-ին ներկայացվելիք հայտով նախատեսվում է աժմ առկա 2 սպառողական խմբին (մինչև 1000խմ սպառողները և 10000 և ավելի խմ սպառողները) ավելացնել ևս 3 նոր սպառողական խմբեր:

Բնակիչ սպառողների համար, որոնք հիմնականում ընդգրկված են մինչև 1000խմ սպառող բաժանորդների խմբում, առաջարկվում է նոր սակագին՝ 1 խմ համար 139 դրամ՝ գործող 146,7-ի փոխարեն (5,2 տոկոս նվազեցում): Իսկ խոշոր սպառողների (10000 և ավելի խմ սպառողներ) համար գազի 10 հազար խմ-ից ավելի սպառում ունենալու դեպքում նրանք կարող են երկնագույն վառելիքը ստանալ ավելի ցածր գնով՝ 242 դոլար 1000 խմ համար (5,9 տոկոս նվազեցում):

Ինչ վերաբերում է նոր սպառողական խմբերին, ապա դրանցից մի խումբը լինելու են սոցիալապես անապահովները, ովքեր տարեկան սպառած մինչև 600 խմ-ի համար գործող 146,7 դրամի փոխարեն կվճարեն 1 խմ-ի համար 100 դրամ, այսինքն՝ սակագինը կնվազի 46,7 դրամով կամ շուրջ 32 տոկոսով: Սակագնի այս չափով նվազեցումը 120-130 հազար սոցիալապես անապահովների ֆինանսական ծանր դրությունը թեթևացնելու քայլերից մեկն է:

Մյուս նոր սպառողական խմբերում են ներառվում ջերմոցային տնտեսությունները և գյուղատնտեսական մթերքներ վերամշակող կազմակերպությունները, որոնց համար խթանող սակագներ են նախատեսվում: Գործող 257,56 դոլարի փոխարեն նրանց համար առաջարկվում է սահմանել 212 դոլար սակագին: Այսինքն՝ սակագինը նվազեցվելու է 45,5 դոլարով: Այս կարգի նվազեցումը լուրջ ազդեցություն կարող է ունենալ գյուղատնտեսության ոլորտի զարգացումը խթանելու համար:

Գազի սակագնի նվազեցումը պետք է դիտարկել նաև համընդհանուր ազդեցության տեսանկյունից, այսինքն՝ հաշվարկել, թե սակագնի նվազեցումը ինչ էֆեկտ կունենա ոչ միայն տնտեսության առանձին ճյուղերի վրա, այլև ամբողջ տնտեսության վրա: Առաջին հերթին գազի սակագնի նվազեցումը իր հետ բերելու է էլեկտրաէներգիայի սակագնի որոշակի նվազեցման, քանի որ էլեկտրաէներգիա ստանալու պրոցեսում ՋԷԿ-երում զգալի ծավալով գազ է օգտագործվում: Գազի սակագնի հետ մեկտեղ էլէներգիայի սակագնի նվազեցումը հանգեցնելու է «դոմինոյի» էֆեկտի: Տնտեսության բոլոր այն ճյուղերը, որոնք իրենց կենսագործունեության համար օգտագործում են գազ և էլէներգիա, «սկսելու են շնչել», շատ ծառայություններ ու ապրանքներ էժանանալու են: Իսկ քանի որ տնտեսության ճյուղերը փոխկապակցված են միմյանց հետ, ապա սակագների նվազեցումը նպաստելու է տնտեսության աճին և գների նվազմանը: Ի վերջո տնտեսության խթանումը իր հերթին հնարավորություններ կբացի արտերկրում հայկական արտադրանքի մրցունակության ապահովման տեսանկյունից, քանի որ կարելի կլինի արտադրանքը գործող գներից էժան գնով արտահանել:

ՀԳ. Վերջում ամենակարևորը՝ գազի սակագնի նվազեցումը տեղի է ունենալու ոչ թե պետբյուջեի միջոցների հաշվին, այլ «Գազպրոմ Արմենիայի» եկամուտների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել