2f275a6038a4

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում 1941թ. բռնկված գերմանո-խորհրդային պատերազմում իր մասնակցությունն ունեցավ նաև վրացի ժողովուրդը: Չնայած դրան՝ 1941թ. ամռանը Գերմանիայի անսպասելի հարձակումից խուճապահար փախչող խորհրդային զինուժի նահանջի ժամանակ վրացիները ԽՍՀՄ պարտության և սեփական անկախության վերականգման հույսեր ունեին:

Վրացի մտավորականներ Գեորգի Ծերեթելին, Սիմոն Կաուխչիշվիլին և Շալվա Նուցուբիձեն միասին փորձում էին գործողությունների պլան մշակել: Այնուամենայնիվ, Թբիլիսիիում գործող հատուկենտ ազգային ուժերը չէին կարողանում կոնկրետ գործողություններ իրականացնել: Նրանք չկարողան նաև կապ հաստատել հարկադրաբար երկիրը լքած վրացի քաղաքական գործիչների հետ:

Այդ շրջանում առավել ակտիվ էին ուսանողները, ովքեր Գեորգի Իմերլիշվիլիի, Կոնստանտին Խիմշիաշվիլիի և Կոնստանտին Ջոլգիձեի գլխավորությամբ ստեղծեցին ընդհատակում գործող կազմակերպություն: Ցավոք, այդ կազմակերպությունը վաղ բացահայտվեց: Սկսվեցին համատարած ձերբակալություններ, որոնց արդյունքում ուսանողներ Թուրման Շանշիաշվիլին, Դմիտրի Բուրդիաշվիլին, Կոթե Խիմշիաշվիլին և Ջոլգիձեն դատապարտվեցին գնդակահարության: Կազմակերպության մյուս անդամներն աքսորվեցին:

Գերմանո-խորհրդային պատերազմի արդյունքները վրացիների համար պարզապես սարսափելի էին: Շուրջ 700 հազար վրացի ուղարկվեց կռվի դաշտ, որի գրեթե կեսն այդպես էլ հետ չվերադարձավ: Դա լրջագույն դեմոգրաֆիական հարված էր այդ փոքր երկրի համար: Դեմոգրաֆիական խնդիրների ժամանակ մեծ քանակությամբ ռուսներ տեղափոխվեցին Վրաստան, որի պատճառով բուն Վրաստանում աճեց ռուսների թիվը: Կար ռուսաֆիկացիայի վտանգ: Պատերազմը լրջագույն հարված հասցրեց նաև Վրաստանի տնտեսությանը: Պատերազմի ժամանակ շահագործվեց Վրաստանի հարուստ ընդերքը, որի արդյունքում բնական պաշարները զգալիորեն կրճատվեցին:

Պատերազմի ավարտից հետո գաղափարական բռնաճնշումները շարունակվեցին Վրաստանում: Դրանք խորհրդային ռեժիմին հարկավոր էին, որպեսզի վերացնեին բոլոր նրանց, ովքեր արևմտյան արժեհամակարգի կրողն էին: Թիրախում կրկին մտավորականությունն էր:

Հարկ է նշել, որ պատերազմի տարիներին գաղափարական տեռորը փոքր-ինչ մեղմացել էր, սակայն 1946 թվականին այն նոր թափով վերսկսվեց: Յուրաքանչյուր միտք, որը չէր տեղավորվում կոմունիստական գաղափարախոսության համատեքստում, համարվում էր թշնամական: 1946թ. ԽՍՀՄ կենտկոմը դժգոհություն հայտնեց «Զվեզդա» և «Լենինգրադ» ամսագրերի գործունեության վերաբերյալ, պնդելով, որ վերջիններումս ոչ միայն չկան գաղափարական հոդվածներ, այլև համակարգի համար վտանգավոր հոդվածներ են տպագրվում: Վրացական կենտկոմը, որը բոլոր առումներով կրկնօրինակում էր ԽՍՀՄ կենտկոմին, այդ շրջանում նմանատիպ մեղադրանքներ հնչեցրեց «Մնատոբի» ամսագրի հասցեին ևս: Ամսագրի ղեկավարներից պահանջվում էր վերակազմավորել ամսագրի աշխատելաոճը:

Գաղափարական բռնաճնշումները ներթափանցեցին նաև գիտության ոլորտ: Այդ ոլորտում ԽՍՀՄ ղեկավարությունը գիտական քննարկումների ժամանակ ստիպում էր գիտնականներին ընդունել իրենց հակագիտական աշխարհայացքը: Ընդհանրապես, հարկ է նշել, որ վրացի մտավորականությունն այդ շրջանում հետապնդումների էր ենթարկվում: Կոմունիստական ղեկավարությունը նրանց մեղադրում էր բուրժուական գաղափարախոսության տարածման և ազգայնականության մեջ: Գաղափարական բռնաճնշումներից բացի շարունակվում էին նաև քաղաքական բռնաճնշումները: Դրանք լայն թափ առան 1950-ականներին: Ձերբակալվում էին բոլոր նրանք, ովքեր փոքր-ինչ կասկած էին հարուցում: Շատ հաճախ դատավարությունները փակ բնույթ էին կրում: Թիրախում էին հատկապես ուսանողները: 1948 թվականին 11 ուսանող ձերբակալվեց: Այդ ուսանողների զգալի մասը դատապարտվեց 25 տարվա ազատազրկման: Ազատազրկման դատապարտված ուսանողներից էին Ջիջաձե Շոթան, Մելաձե Ալեքոն, Ժորես Ցինցաձեն, Պաչկորիա Օթիան և ուրիշները: Նրանց միակ «մեղքը» անկախ Վրաստան ունենալու ցանկությնն էր:

Կոմունիստական կուսակցության համար մեծ իրենցից վտանգ էին ներկայացնում նաև պատերազմից և գերությունից վերադարձած զինվորականները: Դեռևս 1940-ականների վերջին նրանցից շատերը պիտակավորվել էին որպես հայրենիքի դավաճաններ և աքսորվել Սիբիր, իսկ մյուս մասն էլ շարունակում էր մնալ երկրում: Խորհրդային իշխանությունները գտնում էին, որ ռազմագերիները տեսնելով արևմուտքի կյանքը կարող են պատմել այդ մասին իրենց հարազատներին: 1951 թվականին մշակվեց այդ մարդկանց աքսորի գաղտնի որոշումը: 1951թ. դեկտեմբերի 25-ին Թբիլիսիից, Քութայիսից, Սուխումից և Բաթումից դեպի Միջին Ասիա, Ղազախստան և Սիբիր աքսորվեց ավելի քան 20 հազար մարդ: Մարդկանց զգալի մասը մահացավ ճանապարհին: Աքսորվածների զգալի մեծամասնությունը մտավորականներ և նախկին զինվորականներ էին:

Բռնաճնշումներից չխուսափեցին նաև ԽՍՀՄ կենտկոմի վրացական արմատներով գործիչները: Հասարակության շրջանում լայն արձագանք գտավ «Մեղրելյան գործը»: Այդ գործի շրջանակներում գործիչներ Միխայիլ Բարամիան, Նինո Ժվանիան և ուրիշները մեղադրվում էին ազգայնականության, ինչպես նաև Վրաստանը ԽՍՀՄ-ից անջատելու փորձերի մեջ: Ընդհանուր առմամբ, 1950-ականներին սկիզբ առած բռնաճնշումներն ավելի խորացրեցին վրացի ժողովրդի ազատագրական նկրտումները: 1953թ. մարտի 5-ին մահացավ մարդկության պատմության մեծագույն չարագործներից մեկը՝ Ստալինը: Ավարտվեց Ստալինյան բռնաճնշումների փուլը: Ստալինի մահից հետո իշխող վարչակարգը փոքր-ինչ մեղմացրեց հալածանքները:

Սկսվեց «Խրուշչովյան ձնհալի» ժամանակաշրջանը: Փակվեց համակենտրոնացման ճամբարների մեծ մասը, իսկ կալանավորներն արդարացվեցին: Ստալինի մահից հետո իշխանությունը կենտրոնացավ մի քանի անձանց ձեռքերում: ԽՍՀՄ կենտկոմի քարտուղար դարձավ Նիկիտա Խրուշչովը, ով կարողացավ հաղթել իր քաղաքական հակառակորդներ Լավրենտի Բերիային և Գեորգի Մալենկովին: Վերջիններս համապատասխանաբար դարձան ներքին գործերի և նախարարների խորհրդի քարտուղարներ: Խրուշչովը հասկանում էր, որ համակարգը փոքր-ինչ ժողովրդավարացման կարիք ունի: Ռեժիմը մի փոքր թուլացրեց հալածանքների բնույթը: Ավելին, կոմունիստական կուսակցությունը քննադատեց Ստալինի կողմից սերմանված անհատի պաշտամունքը և սկսեց արդարացնել 1930-50-ականներին անհիմն բռնադատվածների մի մասին:

Հարկ է նշել, որ համակարգը չէր փոխել իր բնույթը, և Ստալինի անձի պաշտամունքը քննադատելով Խրուշչովն ընդամենն իր անձնական իշխանության հարցն էր լուծում, քանի որ նա իր մեթոդներով ոչնչով չէր տարբերվում Ստալինից: 1956 թվականին տեղի ունեցած Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարից հետո երկրի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվություն նշմարվեց: Համագումարը խստորեն քննադատեց անհատի պաշտամունքը: Ստալինը և Լավրենտի Բերիան մեղադրվեցին 1930-ականների բռնաճնշումների մեջ: Խրուշչովյան իշխանությունը օգտագործելով այն հանգամանքը, որ Ստալինը վրացի էր, փորձում էր ավելի սաստկացնել ճնշումները վրացիների նկատմամբ: Հասարակության շրջանում տարածվում էր այն տեսակետը, որ Ստալինն ազգությամբ վրացի էր և դա իր դերն ու նշանակությունն ուներ իրականցվող բռնաճնշումների հարցում: Սակայն, ինչպես մենք տեսանք, դա որևէ նշանակություն չի ունեցել, քանի որ վրացիները ևս տուժել են ստալինյան բռնաճնշումների ժամանակ:

Խրուշչովյան պոպուլիստական քաղաքականությունը, որի շնորհիվ ոտնահարվում էր վրացիների ազգային արժանապատվությունը, հանգեցրեց արյունալի իրադարձությունների: 1956թ. մարտ ամսին ժողովներ սկսվեցին Թբիլիսիի համալսարանում: Հետագայում ուսանողները դուրս եկան փողոց: Նրանց միացավ քաղաքի բնակչությունը: Հակակառավարական ելույթներ եղան Գորիում, Թելավիում, Քութայիսիում, Բաթումում: Ցույցերի ընթացքում հակակոմունիստական կոչեր էին հնչում: Խորհրդային ինշխանությունը հարցը կարող էր լուծել խաղաղ կերպով, սակայն Խրուշչովը գերադասեց ուժ գործադրել: 1956թ. մարտի 9-ին խորհրդային տանկերը և զինվորները մուտք գործեցին Թբիլիսի: Տեղի ունեցավ սպանդ, որի արդյունքում սպանվեց ավելի քան 150 ցուցարար: Խրուշչովը ցույց տվեց, որ ոչնչով չի տարբերվում իր կողմից քննադատվող Ստալինից: Ուժային լուծումը նաև ուղերձ էր մնացած ժողովուրդների հակակոմունիստական և անկախական նկրտումներին:

Մարտի 9-ի ողբերգական իրադարձություններից հետո վրացի ժողովրդի համար պայքարի նոր փուլ սկսվեց: Արդեն շատերն էին սկսել գիտակցել, որ Խորհրդային Միության կազմում մնալը Վրաստանին որևէ լավ բան չի կարող խոստանալ: Վրաստանյան ԲՈւՀ-երի ուսանողները և մտավորականությունն ընդհատակյա քարոզ էին իրականացնում: Քարոզչությունն ուներ ազգայնական բնույթ: Սկսվեցին ստեղծվել ընդհատակյա կազմակերպություններ: Դրանցից էին 1950-ականներին Զվիադ Գամսարխուդիայի և Մերաբա Կոստավայի ստեղծած «Գորգասլիանի» կազմակերպությունը: Այս կազմակերպությունն իր առջև նպատակ էր դրել հասնել ազգային ինքնագիտակցության զարթոնքի և անկախության:

Նախաձեռնության անդամներն ընդհատակյա թերթոններ էին տպում և տարածում մարդկանց շրջանում: Այդ թերթոններից մեկում մասնավորապես նշվում էր «….այսօր, երբ ամբողջ գիտակից մարդկությունը դատապարտում է Մոսկվայի արյունալի գործողությունները, առաջացել է մեր կյանքի և մահվան հարցը: Եկել է ժամանակը մեր հայրենիքն օկուպացնողների դեմ միասնական պայքարի: Մեզնից բացի ոչ ոք չի փրկի մեզ: Միայն պայքարով կհասնենք ազատության և անկախության»: Այս բովանդակության առթիվ քրեական գործ հարուցվեց և այդ նախաձեռնության անդամները ձերբակալվեցին: Մյուս հայտնի կազմակերպությունը «Սիգնախյան երիտասարդական գվարդիան» էր, որը ստեղծվեց Սիգնախիում: Կազմակերպությունը բավականին արագ տեղափոխվեց Թբիլիսի: Դրանից հետո նրանց անդամների թիվը շեշտակիորեն աճեց: Կազմակերպությունը Վրաստանի անկախությանը հասնելու նպատակ ուներ: Վերջիններս հրատարակում էին «Սիմեբի» ամսագիրը:

1960-70-ականներին դեռևս շարունակվում էր վրացի առաջադեմ երիտասարդության և մտավորականության ընդհատակյա պայքարը: Ստեղծվել էին այլ բազմաթիվ կազմակերպություններ: Այդ շրջանում ամենահայտնի կազմակերպություններից էր «Վրաստանի ազատության և անկախության համար պայքարողների միությունը»: Այն անկախության և ժողովրդավարական պետության ստեղծման նպատակ ուներ: Այս կազմակերպությունը ևս իր գործունեությունն իրականացնում էր ընդհատակյա թռուցիկներ և ամսագրեր հրատարակելով և տարածելով: 1970-ականներից հետո սկսվեց համակարգի կազմալուծման գործընթացը, որից վրացիները կարողացան օգտվել:

«Վրաստանը Խորհրդային օկուպացիայի ժամանակաշրջանում» հոդվածաշարի առաջին մասը կարող եք կարդալ նշված հղումով:

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել