Հայ ժողովրդի մշակութային խոշոր նվաճումներից մեկը հայ տպագրական գործի սկզբնավորումն էր։ Հովհան Գուտենբերգի կողմից տպագրության գյուտից ընդամենը կես դար հետո՝ 1512թ., Իտալիայի Վենետիկ քաղաքում լույս տեսավ հայերեն տպագիր առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը»։ Առաջին հայ տպագրիչը Հակոբ Մեղապարտն էր։

Աբգար Թոխաթեցին իր որդու՝ Սուլթանշահի հետ այնտեղ վերսկսում է հայերեն գրքերի տպագրությունը։ Նա այնուհետև տպարանը տեղափոխում է Կոստանդնուպոլիս և լույս ընծայում բազմաթիվ գրքեր։ XVII դ. տպարաններ են հիմնվում և հայերեն գրքեր հրատարակվում Լվովում, Լիվոռնոյում և Նոր Զուղայում:

Նոր Զուղայում 1638թ. հիմնադրված հայկական տպարանը Պարսկաստանում առաջինն էր։ Նրա սարքավորումները բերվել էին ոչ թե Եվրոպայից, այլ պատրաստվել էին տեղում՝ հայ վարպետների կողմից։

1660-ական թթ. հայ տպագրական գործը հաջողությամբ ծավալվում էր նաև Ամստերդամում: Այստեղ առաջին անգամ տպագրվում են հայերեն Աստվածաշունչը և Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանցը»։

Հայերեն գրքերի տպագրության սկզբնավորումը նոր փուլ նախանշեց և անգնահատելի դեր ունեցավ XVII-XVIII դարերի հայկական մշակույթի զարգացման բնագավառում: XVII դարի երկրորդ կեսին առավել նշանավոր էր Ամստերդամում հիմնադրված տպարանը:

Ամստերդամի հայոց տպարանը առավել լիարժեք է սկսում գործել 1664թ. այնտեղ ժամանած Ոսկան Երևանցու և Կարապետ Անդրիանցու համատեղ ջանքերի շնորհիվ: Աստվածաշնչի ամբողջական նկարազարդ ու հատուկ խնամքով իրականացված տպագրությունը հայ տպագրության խոշոր նվաճումն էր: Ամստերդամի հայկական տպարանում տպագրվում է ևս 11 անուն գիրք:

Ոսկան Երևանցին տպարանը փոխադրում է Լիվոռնո, որտեղ երեք գիրք հրատարակելուց հետո, փոխադրվում է Մարսել և այնտեղ մինչև 1680-ական թվականների վերջերը հրատարակում 16 անուն գիրք: Մարսելում Ոսկան Երևանցին 1673թ. սկսում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի տպագրությունը, որը, սակայն, մնում է անավարտ:

Ամստերդամի հայոց տպարանը կարևոր դեր խաղաց հայ տպագրության պատմության մեջ: Ոսկան Երևանցին ունեցավ նաև աշակերտներ, որոնք նույն ոգով նվիրվեցին տպագրության միջոցով լուսավորության տարածման գործին:

XVII-XVIII դդ. հայկական գրահրատարակչությունը մեծ առաջադիմություն է արձանագրում Կ.Պոլսում: 1677թ. այստեղ տպարան է հիմնադրում Երեմիա Չելեպի Քեոմուրճյանը: Հայ տպագրության պատմության մեջ մեծ ավանդ ունի Աստվածատուր դպիր Կոստանդնուպոլսեցին, որն իր հիմնադրած տպարանում 1699 թվականից սկսած մոտ 50 տարի հրատարակել է ավելի քան ութսուն անուն գիրք: Այս տպարանում առաջին անգամ լույս է տեսնում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հռչակավոր երկը:

XVIII դարը հայ տպագրության համար դարձավ ծաղկման շրջան: Հայերեն գրքեր էին տպագրվում Կ.Պոլսում, Հռոմում, Վենետիկում, Տրիեստում, Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Աստրախանում, Մադրասում, Կալկաթայում, Էջմիածնում, որոնք միաժամանակ վերածվել էին հայ մշակույթի նշանավոր կենտրոնների:

Հայ տպագրության մեջ վիթխարի նվաճում էր Էջմիածնում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի (1763-1780) նախաձեռնությամբ տպարանի ստեղծումը (1771): Սիմեոն Երևանցին նախաձեռնում և 1776թ. իրականացնում է նաև Էջմիածնում թղթի արտադրության գործարան կառուցելու գործը:

1512-1800թթ. հայ գրատպությունը մեծ առաջընթաց ունեցավ, լույս տեսավ հոգևոր ու աշխարհիկ բովանդակությամբ ավելի քան հազար անուն աշխատություն:

Հնդկաստանի աշխույժ հասարակական կյանքը առաջադրեց նաև պարբերական ունենալու անհրաժեշտություն: 1794-1796թթ. Մադրասում Հարություն Շմավոնյանի նախաձեռնությամբ և հենց իր տպարանում լույս ընծայվեց հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարարը»:

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել