Lurer.com-ը գրում է.
Թալիշի գյուղի բնակչությունն, անվտանգության խնդրից ելնելով, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո գյուղում չի ապրում, բայց ժամանակ առ ժամանակ թալիշցիներն այցելում են գյուղ և, որքան հնարավոր է, տիրություն են անում իրենց տներին և հավաքում այգիների բերքն ու բարիքը: Այս մասին հայտնել է Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը, ով շարունակում է պաշտոնավարել՝ այժմ արդեն ԼՂՀ Մարտակերտի Ալաշան համայնքում:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ պատերազմական օրերին բնակիչների մոտ առաջացած շոկային վիճակն, ընդհանուր առմամբ, անցել է, և Թալիշ այցելող գյուղացիների թիվը ոչ միայն մեծացել է, այլև այդ երևույթն ակտիվ բնույթ է կրում: «Ընդհանուր առմամբ, այսօր Արցախ է վերադարձել մինչև ապրիլմեկյան իրադարձությունները Թալիշում բնակվողների կեսից ավելին, այն դեպքում, երբ քառօրյա պատերազմին հաջորդող ամիսներին թալիշցիների անգամ քսան տոկոսը երկրում չէր: Ճիշտ է՝ նրանք հիմնականում տեղափոխվել էին ՀՀ տարբեր համայնքներ, սակայն ուրախ ենք, որ վերջին շաբաթների ընթացքում սկսվել է նրանց ակտիվ վերադարձը»,- ասել է համայնքի ղեկավարը և ավելացրել, որ ՀՀ-ում հաստատված համագյուղացիների հետ գտնվում է ակտիվ կապի մեջ, և գրեթե բոլորն ունեն վերադառնալու մեծ ցանկություն։
Խոսելով նոր հանայնքում՝ Ալաշանում համագյուղացիների կենցաղային պայմանների մասին՝ Վ. Պետրոսյանը նշեց, որ բնակիչներն արդեն այնքան են հարմարվել, որ անգամ կատակով Ալաշանի փոխարեն Թալիշան են կոչում նոր բնակավայրը: «Հասկանում ենք, որ միանգամից հնարավոր չէ բոլոր համայնքային պայմանները ստեղծել, սակայն, այն, որ կառավարության անմիջական ուշադրությունը զգում ենք ամեն օր, միանշանակ է: Շուտով 20 պատրաստի առաձնատներ կստանանք, ինչը ևս 20 ընտանիք ընդունելու հնարավորություն կտա: Դա շեշտակի կերպով կմեծացնի նաև դպրոցի աշակերտների թիվը»,- ասել է Վ. Պետրոսյանը և հավելել, որ բնակչության վերադարձի հետ միասին Ալաշանում շուտով մանկապարտեզ բացելու անհրաժեշտություն կառաջանա:
Սեպտեմբերի 1-ի դրությամբ, Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում բնակվել էէ թալիշցի 28 ընտանիք։ Նորաբաց դպրոց է հաճախել 23 աշակերտ։



