Անձրև` նշանակում է մենք տանն ենք, փափուկ ամպերով հոծ ծածկված մեր փոքրիկ երկրի վրա: Մենք ոչնչից չենք վախենում, մենք միասին ենք կրակի մոտ, որ վառել է արևը շատ ու շատ դարեր առաջ և, կամացուկ պտտվելով հարմարավետ Երկրի վրա, կարող ենք հանգստանալ, իսկ հետո նորից ստուգել, թե ինչ է այնտեղ…
Անձրև` դա քո թաց վարսերն են, մաքուր ջրի կաթիլները, թանկարժեք, ինչպես զմրուխտի կաթիլները: Դրանք պարզապես մեզ են նվիրում ամպերը, մենք թրջվել ենք, մեզ հագեցրել է անձրևը, տվել է իր շրշյունը: Մենք մենակ ենք անձրևի պատի ետևում: Ինչ հարմարավետ է մեզ մոտ՝ տամուկ Երկրի վրա:
Անձրևը, մեր բարի երկրային անձրևը: Եթե երկրի երեսին անձրև չլիներ, մենք կփախչեինք այստեղից, կփախչեինք այնտեղ, ուր անձրև է տեղում: Անձրևը: Անձրևը:
Դու հարցնում ես, թե ես ինչո՞ւ եմ սիրում անձրևը… Անձրև, երբ մենք միասին ենք: Մեզ պետք չէ հյուր գնալ, որովհետեւ անձրև է:
Անձրև է, և ոչ ոք չի խանգարում մեզ համբուրել թաց շուրթերը:
Անձրև է, և քեզ անհրաժեշտ է իմ ջերմությունը, առանց ինձ դու մրսում ես, որովհետև անձրև է: Անձրև` դա միայն մերն է, երկրայինը: Արևը բոլոր մոլորակներում` սև, երկրային, նարնջագույն երկնքում` միևնույն արևն է: Իսկ անձրևը լինում է միայն մեզ մոտ, Երկրի երեսին: Տաք անձրև, քեզ լա՞վ է այստեղ, դու չե՞ս թռչի: Ճի՞շտ է:
Հարմարավետ և թեթև է Երկրի երեսին ապրելը:
Ճի՞շտ է:
Դու տխրում ես: Քեզ պատմել են… որ անձրևները երկրի երեսին տարբեր են լինում` լինում են կապարե, լինում են սնկանման ամպից… Այո, դա ճիշտ է: Այդպես պատահում է:
Իսկ դու մի հավատա, մի հավատա, սիրելիս, մի հիշիր, մի պատմիր այդ մասին քո տանը: Իսկ երբ դու դարձյալ կթռչես ինձ մոտ ընդմիշտ, խոստանում եմ` ամեն ինչ այլ կերպ կլինի: Ես երդվում եմ քեզ` մեզ մոտ դա չի կրկնվի, և ես քեզ համար ընդմեջ լուսավոր ամպերի կպատրաստեմ արևի երկար ժապավեններ և դրանց մեջ կկոտորակեմ բյուրեղապակյա միլիոնավոր կաթիլներ...
Լեոնիդ Ենգիբարյան
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=505140016195994&set=a.255618291148169.59219.209324585777540&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել