Ալերգիան հիվանդության տեսակ է, որը, այսպես ասած, չունի տարիք: Այն կարող է առաջանալ 0-100 տարեկան մարդկանց մոտ: Նրանց մի մասը ստիպված է անընդհատ դեղեր ընդունել, հրաժարվել մի շարք սննդատեսակներից, տնային կենդանի ունենալուց և այլն: Ալերգիայի դեմ պայքարելը դժվար է հատկապես այն դեպքում, երբ սկսում ենք զբաղվել ինքնաբուժությամբ ու հիմնականում չենք դիմում մասնագետի:
Ձեզ եմ ներկայացնում ալերգիաներից ազատվել չկարողանալու 3 հիմնական պատճառները:
Սխալ դեղերի ընդունում
Ալերգիա ունեցողների մի մասը հույսը դնում է միայն դեղատան աշխատակցի խորհուրդների վրա` առանց հետազոտվելու: Ընդհանրապես, ալերգիաների դեմ օգտագործվող դեղերն, ի տարբերություն մնացած հիվանդությունների, ավելի անհատական են, և հավելյալ հետազոտությունների կարիք է լինում: Անհրաժեշտ է դրանք ընդունել պարբերաբար, այլապես արդյունավետ չեն լինի: Նաև հիշեք, որ դեղերը պետք է ընդունել կանոնավոր:
Ինքնաախտորոշում
Շատերն իրենք են իրենց հիվանդությունն ախտորոշում: Ինֆորմացիա են հավաքում ինտերնետից, հարցնում են ծանոթներին և եզրակացություններ կատարում: Իհարկե, հաճախ ամեն ինչ ավարտվում է դեղատուն այցով և հակաալերգիկ դեղամիջոցներ գնելով: Սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ այդ դեղերի մեծամասնությունը մի շարք կողմնակի ազդեցություններ են ունենում: Միշտ հիշե՛ք, որ ախտորոշումն ու բուժումը բժշկի գործն է:
Ալերգենների աղբյուրից ազատվելը
Շատ կարևոր է պարզել ալերգիայի պատճառը, քանի որ ալերգիա կարող են առաջացնել կենդանիների մորթին, բույսերը, սննդամթերքը, աշխատանքի բնույթը (որտեղ եք աշխատում, քիմիական նյութերի հետ գործ ունեք, չունեք): Եթե գիտեք՝ ինչն է առաջացնում ալերգիկ ռեակցիան, ցանկալի է խուսափել շփումից կամ գոնե նվազագույնի հասցնել: