Շատ դժվարությամբ ընդունեցի իր բանակ գնալու փաստը: Ինձ համար դժվար էր պատկերացնել մի օր, երբ այլևս ստիպված կլինեի ընդունել, որ երկու տարի պիտի լռեմ ու սպասեմ: Որ երկու տարի առավոտյան ինձ զանգահարողների մեջ նա չէր լինելու: Որ երկու տարի ինձ տաք հագնվել ու չմրսել ստիպողների մեջ նա չէր լինելու: Որ երկու տարի իր բարի լույսով չէի արթնանալու ու բարի գիշերով չէի քնելու: Որ երկու տարի իմ հանդիպումների մեջ իրեն առանձնահատուկ տրամադրած ժամեր չեն լինելու: Ես չէի կարող... Դժվար էր...
Առաջ մտածում էի, որ շատ լավ է, երբ տղան ծառայում է, բայց ընդամենը մի քանի օր առանց նրա, ու ես արդեն ատում էի բանակը ու ամեն ինչ` կապված բանակի հետ: Առաջին մի քանի ամսվա մեջ զանգեր ընդհանրապես չէին լինում: Կամ էլ լինում էր մեկ զանգ և վերջ: Գիտեի, որ ինձ համար ժամանակ ունի, ուղղակի չի կարող ամեն պահի զանգել՝ չնայած ահռելի իր ցանկությանը: Ես երբեք այդքան ծանր գիշերներ չէի ունեցել: Այդքան չէի վախեցել ամեն անգամ մահացած զինվորի մասին բլոգ բացելուց: Ու որ ամենավատն է, ես այդքան շատ հաճախ եկեղեցի չէի գնացել երբեք:
Ու էլ ոչինչ չեմ հիշում..միայն գիտեմ, որ միշտ սպասում էի իր զանգերին, բայց չէի ստանում: Ու մեկ էլ այն, որ մի օր հերթական նորությունը բացելուց թշնամու գնդակից մահացած զինվորների ցուցակում իր անունն էլ գտա: Ու էլ ոչինչ ես չեմ հիշում: Միայն հիմա մի քանի տարի անց հասկանում եմ, որ երկար ժամանակ անզգայացած եմ ապրել, ինչպես պատմում են ծնողներս: Ու նրանից ինձ մնաց սպասումները, խոստումս, իր ուշացող զանգերը, և մինչև հիմա մի երազ, որտեղ հանդիպում եմ թշնամուն ու խնդրում եմ ետ վերադարձնել նրան...
Հեղինակ`Նուրիջանյան Ջեմմա