...Լքված շենքի հին բակում 2 կարուսել կար... Մեկը կարմիր էր, մյուսը` կանաչ...
Կարմիր կարուսելին մի փոքրիկ աղջիկ էր նստած` երկար, գանգուր մազերով ու վառ աչքերով... Ճոճվում էր...
Մի տղա եկավ... Գրեթե նույն տարիքին էր, ուզեցավ նստել կանաչ կարուսելին, երբ.
-Սև կարուսելին մի՛ նստիր,-աղջիկն էր:
-Ի՞նչ,-հարցրեց տղան:
-Ասում եմ` այդ կարուսելին մի նստիր, չե՞ս տեսնում` սև է:
Տղան ապշել էր:
-Կարուսելը կանաչ է:
Աղջիկը հայացքը հառել էր դեպի հեռուն: Տղան նստեց, սկսեց ճոճվել: Լռություն տիրեց:
-Կարուսելը կանաչ է, որովհետև սև կարուսել չի լինում:
-Իսկ ինչպե՞ս է, որ սև օրեր լինում են: Դու սև կարուսելն ես ընտրել, իսկ ես սպիտակը:
-Սպիտա՞կ,-տղան բարձր ծիծաղում էր,-քո կարուսելը կարմիր է:
Մի կին էր գոռում...աղջկա մայրն էր.
-Գիտե՞ս` որքան եմ քեզ փնտրել: Ինչպե՞ս ես էստեղ հասել:
-Մամ, էս տղան ասում է, որ իր կարուսելը կանաչ է,-ժպտալով ասաց մորը:
-Իջի՛ր տուն գնանք, լա՞վ:
Աղջիկն իջավ կարուսելից, բռնեց մոր ձեռքը.
-Մամ, ասա այս տղային,որ իր կարուսելը սև է:
-Արի՛ գնանք, արդեն ուշ է:
Աղջիկը համառում էր:
-Մամ, նա ինձ չի հավատում, ասա, որ սև է:
Մայրն անելանելի հայացքով նայեց տղային:
-Քո կարուսելը սև է:
Աղջիկը բարձր ծիծաղում էր. նա իրեն հաղթող էր զգում: Տղան կարծես կորցրել էր խոսելու ունակությունը: Մայրը բռնեց աղջկա ձեռքը ու հազիվ էին մի երկու քայլ գնացել, երբ աղջիկը շրջվեց.
-Մամ, իմ կարուսելն էլ սպիտակ է չէ՞:
-Սպիտակ է,-մայրը հառաչեց:
....Արդեն հեռու էին, երբ տղան լսեց հեռվից իրեն ձայնող աղջկան.
-Սպիտակ կարուսելն ի՜մն է, չնստե՛ս իմ կարուսելին...
Տղային թվաց, թե աղջիկը ժպտում էր իրեն... Հետո նա ամեն օր գալիս ու սպասում էր տարօրինակ աղջկան... Հազար ու մի բացատրություն էր տալիս ինքն իրեն, թե աղջիկն ինչու չի գալիս, նույնիսկ մտածում էր, որ նեղացրել է նրան` ասելով, որ կարուսելը սև չէ ու ինքն իրեն խոստացել էր, որ երբ աղջիկը գա, նրան կասի, որ կարուսելը սև է...միայն թե գա...
...Մի օր եկավ աղջիկը... Շատ ժամանակ էր անցել այն օրից... 8640 ժամ... Ամեն դեպքում տղան այդքան էր հաշվել...
Աղջիկը մոտեցավ, կանգնեց տղայի դիմաց ու հարցրեց.
-Քո կարուսելն իրոք սև չէ՞:
-Սև է,-պատասխանեց տղան:
Աղջիկը նստեց կարմիր կարուսելին... Ճոճվում էին...
-Ինչո՞ւ չէիր գալիս,-հարցրեց տղան:
-Մեր բակի երեխաներին ասացի, որ էստեղ սև ու սպիտակ կարուսելներ կան... Նրանք էլ քեզ նման ծիծաղեցին ինձ վրա... Մայրս ասաց, որ էլ էստեղ չգամ:
Տղան մի պահ իրեն վատ զգաց:
-Ես մամային հարցրի, թե կարմիրը ո՞ր գույնն է, նա լաց եղավ ու ինձ տարավ բժշկի... Բժիշկն ասաց, որ չտխրեմ...
Մի անգամ աղջիկը հարցրեց տղային.
-Դու քանի՞ գույն ես տեսնում:
Տղան հարցից անակնկալի եկավ: Աղջիկը շարունակեց.
-Գիտե՞ս, ես միայն 2 գույն եմ տեսնում` Սև ու ՍՊԻՏԱԿ,-ու տղային խոսելու հերթ չտալով շարունակեց,-մայրիկս ասել է, որ դրանք աշխարհի ամենալավ գույներն են, որ կյանքն էլ Սև ու ՍՊԻՏԱԿ է...
- Սև ու ՍՊԻՏԱ՞Կ:
...Տղան միայն ժամանակ անց էր իմանալու, որ աղջիկը տեսողության հետ կապված խնդիրներ ունի և միայն 2 գույն է տեսնում` Սև ու ՍՊԻՏԱԿ...
-Հա, տխուր օրերը սև են, իսկ ուրախ օրերը` սպիտակ... ինչպես մեր կարուսելները... Նրանք երկուսն էլ պետք է ճոճվեն, որ կյանքը գեղեցիկ լինի:
-Դու այնքա՜ն փոքր ես դա հասկանալու համար:
-Խոստացիր, որ եթե մի օր ես չգամ, դու չես թողնի, որ որևէ մեկը նստի իմ կարուսելին:
-Դու չե՞ս գալու:
-Խոստանու՞մ ես, որ ոչ ոք չի նստի իմ,-նա մի պահ վարանեց,-կարմիր կարուսելին:
-Կարմի՞ր, դու էլ չե՞ս մտածում, որ այն....
-Այն ինձ համար միշտ սպիտակ է մնալու, իմ սպիտակ կարուսելը... Կարևոր չէ` ես ինչ գույներ եմ տեսնում, կարևոր է, որ ես պատկերացնեմ ու հավատամ, որ տեսնում եմ..հասկանու՞մ ես, դա այնքան կարևոր է...
-Ոչ ոք չի նստի քո կարուսելին, խոստանում եմ:
Աղջիկն իջավ կարուսելից: Տղան ասաց.
-Ես կպատկերացնեմ ու կհավատամ, որ դու գալու ես:
Աղջիկը ծիծաղեց ու սկսեց հեռանալ... Տղան ձայնեց.
-Ես քեզ 8640 ժամ սպասել եմ, դու էլի կգաս չէ՞, ասա՝ ե՞րբ ես գալու:
Աղջիկը շրջվեց, երկար նայեց տղային իր անթարթ հայացքով ու հեռվից ասաց.
-Սրտի 89467570198235 բաբախյունից հետո....
...Լքված շենքի հին բակում 2 կարուսել կա` Սև ու ՍՊԻՏԱԿ: Սև կարուսելին պաղպաղակ ուտելով մի աղջիկ էր ճոճվում:
...Մի տատիկ մոտեցավ նրան դողդոջուն քայլերով, երկար նայեց կարուսելներին ու հարցրեց.
-Փոքրիկս, քո կարուսելն ի՞նչ գույն է:
-Սև է, տատիկ, իսկ մյուսը սպիտակ է:
-Սպիտա՞կ:
-Հա, բայց առաջ կարմիր էր, ես ու պապիկս ենք կարուսելները ներկել:
Տատիկը ժպտաց, մոտեցավ սպիտակ կարուսելին:
-Պապիկս ասել է, որ ոչ ոքի չթողնեմ` այդ կարուսելին նստի:
-Պապի՞կդ:
-Հա, մենք ամեն օր գալիս էինք այստեղ, խաղում ու միասին սպասում սպիտակ կարուսելի աղջկան: Այդ աղջիկը պապիկիս ասել է, որ մի օր գալու է, պապիկս ինձ ասում էր, որ չպետք է թողնենք կարուսելին ուրիշ մարդ նստի... Եթե աղջիկը գա ու տեսնի, որ ուրիշն է նստել, հաստատ կտխրի... Մենք այնքան ենք սպասել...
-Եկա՞վ:
-Հետո պապիկս մտածեց, որ լավ կլինի, եթե մենք կարուսելները ներկենք սև ու սպիտակ:
Տատիկը հուզվել էր:
Աղջիկը գրպանից մի թուղթ հանեց ու շատ մեծ դժվարությամբ սկսեց կարդալ.
-Սպիտակ կարուսելի աղջիկը պապիկիս ասել է, որ ինքը կգա սրտի 89467570198235 բաբախյունից հետո... Ես ու պապիկս հասել էինք 89467570100000-ին, երբ պապիկիս երկնքից կանչեցին, ու նա գնաց... Բայց ինձ խնդրել է, որ ես շարունակեմ հաշվել, ես նրան խոստացել եմ...
Տատիկը լալիս էր...
-Ես պապիկին ասացի, որ դա շատ մեծ թիվ է, ես մենակ չեմ կարողանա հաշվել, նա էլ ասաց, որ կարևորը` ես պատկերացնեմ ու հավատամ, որ կարող եմ, ասաց, որ դա շատ կարևոր է...
Նա իջավ կարուսելից.
-Մայրիկն ինձ այսօր պապիկիս մոտ է տանելու... Մենք նրա համար միշտ ծաղիկներ ենք տանում:
Տատիկը բռնեց աղջնակի ձեռքն եւ երկար նայեց նրա աչքերին: Հետո աղջիկը գնաց...
Տատիկը մենակ մնաց... Նա հիշեց, որ այն օրից, երբ ինքը դեռ սպիտակ կարուսելի փոքրիկ աղջիկն էր, արդեն 89467570198235 սրտի զարկ էր անցել...