Քաղաքացիների շրջանում մեծանում են դժգոհությունները ԴԱՀԿ ծառայության գործունեությունից: Դրանք հիմնականում առնչվում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրներին:
Բազմաթիվ են այն դեպքերը, երբ ԴԱՀԿ-ն քաղաքացուն չի ծանուցում վարչական ակտի մասին, բայց նրա դրամական միջոցներն արգելանքի են վերցվում կամ գույքի վրա արգելանք է դրվում, իսկ քաղաքացին տեղյակ չի լինում այդ մասին: Այս ամենը հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել ներդնել մեխանիզմներ, որոնք թույլ կտան ԴԱՀԿ-ի կողմից անհապաղ ծանուցել պարտապաններին վերջիններիս գույքի վրա կալանք դնելու մասին:
Այս խնդիրը ուշադրության է արժանացել նաև վարչապետի կողմից: Վերջինս արդարադատության նախարարին հանձնարարել է մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն հարկադիր կատարողի կողմից պարտապաններին, վերջիններիս գույքի վրա արգելանք դնելու մասին անհապաղ ծանուցումն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների՝ էլ.փոստի, sms-ի միջոցով և այլն: