Տարվա սկզբին ես ու Լիլիանը հստակ որոշել ենք` արձակուրդի վերջին շաբաթը Արցախ ենք գնալու: Ու ամեն նոր օր նույն երազանքը` Արցախ: Արցախն իմ ափն է. իմ վերջին կետը ու սկիզբը նորի:
Գնալու նախորդ օրը հիշում ենք Լիլոյիս. կարոտել ենք. գնանք-գանք` անպայման հանդիպենք: Զանգ.
-Վայ, Լիլս, մենք էլ քեզ էինք հիշել, մտածում էինք` գնանք Արցախ, գանք ու հանդիպենք:
-Ո՞ւր գնաք:
-Արցախ:
-Ես կզանգեմ հիմա… Մենք էլ ենք գալիս:

Ու հաջորդ առավոտ, ժամը 7-ին ճամփա ենք ընկնում. ամեն մեկս մեր երազանքի հետևից: Արդեն 7 տարի երազում եմ Դադիվանքի մասին, չգիտեմ` կգնա՞նք, թե՞ չէ: Հիմա ուղղակի գնում ենք Արցախ: Մարին հատուկ ճամփա ունի` դեպի զինվոր: Մեռնեմ զինվորիս: Լիլոս գալիս ա Աստծուն տեսնելու` Գանձասար:

Առաջին անգամ պիտի հյուրանոցում ապրենք, Շուշիում: Չեմ ասում, բայց մեջս վախ կա. Շուշիում միշտ ճնշվում եմ, աշխատում եմ` մութը չընկած` դուրս գալ քաղաքից: Սպիտակ-սպիտակ, թափանցիկ քաղաք. նեեեեղ փողոցներով, քանդված տներով, կորած ճակատագրերով…

Մարին ասում է` Սոն, պատերազմը ստեղ չի վերջացել, աչքերս փակում եմ` պատերազմ է: Հա արևս, առաջին անգամ ես էլ էի պատերազմ տեսնում, բայց դա հիշողություն է, սպիտակ քաղաքի վատ հիշողություն, կգնանք Ղազանչեցոց ու կմոռանաս:

Գնում ենք Գանձասար: Տարվել ենք իրարով ու հատկապես զինվորով, ուղղակի գնում ենք: Ճանապարհը չի վերջանում. Խոջալու, Աղդամ…ու ես արդեն հասկանում եմ` սխալ ենք եկել: Բացում ենք քարտեզը` դիրքեր: Տիգրանը պտտում է մեքենան ու հետ տանում մեզ: Ու միակ բանը, որի համար հետո ափսոսում ենք, թուրքերին բարձրաձայն չհայհոյելն էր: 

Ու նորից ճամփա: Գանձասար:

Մտնում եմ եկեղեցու բակ ու մտքում ասում` «Բարև, Աստված»: Պատասխան չկա, գիտեմ` Աստված լռություն է: Ու հասկանում եմ` իմ աղմուկի մեջ էս լռությունն էի կորցրել: Ամեն տարի անցյալս Գանձասարում եմ թողնում, որ սիրելով թողնեմ, լռության մեջ:

Մոմ եմ վառում, ու նորից 8 հատ, ինչպես միշտ: Հետո հիշում եմ` Յանային մոռացել եմ: Արդեն պիտի գնանք, բայց հասցնում եմ. ևս 2 մոմ` Յանայի համար: Հիմա հաստատ գիտեմ` լավ է լինելու, ամեն ինչ լավ է լինելու:

Հասնում ենք Ստեփանակերտ: Սիրում եմ էս քաղաքը` հատկապես երեկոյան: Սիրուն-սիրուն մարդիկ, փակ փողոցներ, լիքը ժպտացող դեմքեր ու խաղաղության գինը իմացողներ: Թողնում ենք զինվորիս ու հետ գալիս Շուշի: Պիտի հանգստանանք, վաղը գնում ենք երազանքիս հետևից:

Առավոտյան նորից նստում ենք մեքենա` ամեն մեկն իր տեղն ունի արդեն: Ես` Մարիի ու Լիլիանի մեջտեղում: Ճանապարհին մտնում ենք Տիգրանակերտ: Անցյալ տարվանից լիքը բան է փոխվել: Բակում աշխատող մարդը հիշեց ինձ ու Լիլիանին, ասաց` մյուս տարի էլ եկեք, ավելի սիրուն կլինի: Մենք էլ խոստացանք` գալու ենք անպայման:

Սարի վրա փոքր եկեղեցի կա: Հետո եմ գտնում` Սուրբ Կիրակոս: Բարձրանում ենք սարը, ճանապարհին 100 տեղ կանգնացնում մեքենան: Ինձուինձ զարմանում եմ Տիգրանի համբերության վրա, մեզ էսքան դիմանալ կլինի՞. Տիգրանը դիմանում է:

Մի տոպրակ նուռ քաղեցինք, Լիլոս կչորացնի ու կբաժանենք` մեր նոր տների համար: Ես թուզ չեմ ուտում, բայց սբ. Կիրակոսի ճամփին մի ծառ կերանք. ուրիշի բոստանից գողացած ցոգոլի համ ուներ:

Հասնում ենք սարի գագաթին: Փոքր, սպիտակ եկեղեցի: Քամին շարժում է դուռը, ու թվում է` մարդ կա: Մտնում ենք ներս` մենակ ենք. Տիգրանը հերթով կանգնացնում է մեզ եկեղեցու շեմին` սարի ծայրին, ու «թռցնում»: Քամին տալիս է դեմքիդ, լուււււռ, տակը` խոր անդունդ, կողքիդ թռնող արծիվներ:

180 կմ. հեռու, վատ ճանապարհ. ոչ ոք չի հոգնել, չի տրտնջում. սարերի մեջ մեկ էլ հանկարծ երևում է. սիրտս մի պահ կանգնում է, որ լուռ լինի, լրիվ լուռ: Ծնկներս թույլ են, ես` երջանիկ: Դադիվանք. բարև, երազանք ջան:

Ժամանակ քիչ ունենք, պիտի հետ դառնանք: Ուզում եմ` ժամանակը կանգնի, որ հասցնեմ ամեն ինչ: Գնալուց առաջ հիշում եմ` ընկերներիցս մեկը պատմում էր, որ եկեղեցու ներսում երազանքի պատ կա: Կողքի փոքր կրպակում վզնոցներ վաճառող Գուգոյից հարցնում ենք պատի տեղը. մեզ տանում է փոքր սենյակ, կիսաքանդ պատի վրա լիիիիիքը քարեր կան, լիքը երազանք` պուճուր սենյակում: Ընկերս ասում էր` երազանք պահի, աղոթի ու, եթե հոգիդ մաքուր է աղոթքի պահին, քարը կկպնի: Կպան, երեքն էլ: 

Տնջրի, Շուշի, Ջդրդուզ, Սբ. Կիրակոս, Տիգրանակետ, Գանձասար, Դադիվանք.
Վերջին կանգառը` Զոնտիկներ: Բայց այս մեկն արդեն մեր գաղտնիքն է: Հետ ենք գալու: Անպայման: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել