Ամենաերիտասարդական ամսագիրը այսուհետև կներկայացնի մի շարք նոր, ժամանցային ու հետաքրքրաշարժ խորագրեր: Դրանցից մեկն էլ մեր այս խորագիրն է, որի միջոցով ափիդ մեջ կառնես ողջ Հայաստան աշխարհը` իր առանձնահատկություններով հանդերձ: Տարբեր դիտակետերից կծանոթանաս քեզ շատ թե քիչ ծանոթ մարզերին, որոնց այս անգամ ներկայացնելու ենք գույների միջոցով: Ինչո՞ւ զարմացար, չէ՞ որ բոլոր քարտեզների վրա էլ յուրաքանչյուր երկիր իր գույնն ունի, մենք էլ որոշեցինք մեր մարզերին գույներ տալ` ըստ իրենց մարզային, ազգագրական առանձնահատկությունների: ՀՀ քարտեզի «անդամներին» փորձեց գունավորել ազգագրագետ Սուրեն Հոբոսյանը: Դե ուրեմն շտապիր ընթերցել, նախ` կիմանաս, թե որ մարզը ինչ գույն ունի, ինչպես նաև կիմանաս մանրամասներ հենց քո մարզի մասին` չմոռանալով մայրաքաղաք Երևանը:

 

Սյունիք. մարզկենտրոնը` Կապան

- Շատ դժվար է Սյունիքին  որևէ գույնով բնորոշել, այնտեղ մենք ունենք միմյանցից տարբեր գոտիներ` բարձրադիր և ցածրադիր: Ելնելով Մեղրիի նռան գույնից, մարզին կարելի է տալ հենց այդ գույնը, որը գնալով ավելի բաց երանգ կստանա և կտարածվի ողջ Սյունիքի վրա:

Սյունիքը  մեր ամենաանկախ մարզն  է` Լեռնահայաստանը: Սյունեցիները միշտ եղել են կենտրոնախույս, այսինքն` չեն ենթարկվել կենտրոնականներին: Այդ գաղափարները մինչև այժմ էլ պահպանվել են. այժմ էլ Սյունիքում կա կարծիք, որ Լեռնահայաստանը գոյություն ունի  և ինչ-որ ժամանակ նորից կարող է լինել: Լեռների ոգին և հպարտությունը այժմ էլ պահպանվում է Սյունիքում. չէ՞ որ այն մեր ամենակարևոր, ամենաառանցքային  մարզն է: Սյունիքը հարուստ է և´ լեռներով, և´ բնությամբ, բայց ամենակարևորը մարդն է: Այնտեղ կան բնակչության տարբեր շերտեր, որոնք միմյանցից տարբերվում են և´ բարբառով, և´ սովորույթներով: Դրանց հիմնական պատճառը մեր ժողովրդի պատմական անցյալն է:

 

Վայոց ձոր. մարզկենտրոնը` Եղեգնաձոր

- Վայոց ձորի մարզն այսօր մեզ մոտ խորհրդանշվում է գինով, ինչի գույնով էլ կարելի է բնորոշել այն: Չնայած այդ մարզում կան գորշ, շագանակագույն լեռներ, բայց դրանք պարզապես պատկերներ են, իսկ առաջնահերթը գինին է: Հայաստանում  և, ընդհանրապես, ողջ աշխարհում հայտնաբերված գինու արտադրության ամենահին հնձանը (արտադրամասը) երկու տարի առաջ հայտնաբերվել է Վայոց ձորում: Այնտեղ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, բայց նախնական տվյալներով` այն մոտ 6200 տարվա հնություն  ունի: Վայոց ձորը մեր ամենագողտրիկ մարզն է` տարածքով ամենափոքրը, որը խիստ տարբերվում է բոլոր մարզերից` իր կլիմայով և աշխարհագրական դիրքով: Այս մարզի բնորոշ առանձնահատկություններից է նաև այն, որ յուրահատուկ միկրոկլիմայի շնորհիվ միայն այստեղ է` ծովի մակերևույթից 1700 մետր բարձրության վրա խաղող աճում:

Բացի այդ, մինչ այժմ Վայոց ձորում բնակչության մեջ կա երկու հասկացողություն` «թազա»` նոր ու «խին»` հին հայեր: Հին հայերը, բնականաբար, տեղաբնակներն են, իսկ նորերը` առավել ուշ Խոյից ու Սալմաստից եկածները:

 

Գեղարքունիք. մարզկենտրոնը` Գավառ

- Գեղարքունիքը կարելի է բնորոշել երկնագույնը կանաչ օղակի մեջ գույներով, որում կապույտը Սևանա լիճն է: Այս մարզը պատմականորեն մտել է Սյունաց աշխարհի մեջ` որպես վարչական միավոր, բայց այն առանձին աշխարհ է` Գեղամա երկիրը, որտեղ առաջին պլանում հենց Գեղամա գեղեցկուհին է: Մարզն առանձնահատուկ է նաև նրանով, որ Գեղամա լեռները հարուստ են հազարավոր ժայռապատկերներով:

Այստեղի բնակիչները տարբեր գավառներից, պատմական Հայաստանի տարբեր վայրերից են եկել, բայց այժմ միատարր են, ունեն իրենց ապրելակերպը: Նրանց առաջին հերթին բնորոշ է աշխատասիրությունը:

 

Արարատ. մարզկենտրոնը`  Արտաշատ

- Այս մարզը կարելի է բնորոշել խաղողի գույնով, որովհետև ըստ առասպելի` Նոյ նահապետը Արարատի գագաթից իջնելուց հետո սկսել է խաղող մշակել: Արարատն ունի իրեն բնորոշ հատկանիշներ. տների բակերը հիմնականում դեպի այգու կողմ են տանում, այսինքն` փակ տնտեսություններ են: Արարատում շատ զարգացած է նաև բանջարաբուծությունը. մարզն առանձնանում է նրանով, որ ժամանակին Արտաշատի գյուղերում սեխի մի տեսակ է աճեցվել` դութմա, որը հատուկ է եղել միայն Արտաշատի գյուղերին: Այն աճեցնում էին հողի մեջ` անընդհատ հետևելով, որ սեխը մեծանալով հողից դուրս չմնա: 

Տավուշ. մարզկենտրոնը` Իջևան

- Տավուշին հաստատապես կարելի է տալ կանաչ գույնը` կապված բնության հետ: Հատկապես Տավուշում բնությունը իր հետքն է թողել մարդկանց վրա, այսինքն` այնտեղ կա «հարգանք» բույսի, ծառի նկատմամբ: Բնությունը մարդկանց նաև ավելի բարի է դարձնում: Դա բնորոշ է հիմնականում այն բնակչությանը, որն ավելի մոտ է անտառին, բնությանը: Բնակչության հիմնական մասը բնիկներ են, քանի որ նրանց մի մասի ծագումը չգիտենք: Մենք բնիկ հայեր շատ քիչ ունենք: Տավուշում շատ են նաև հայկական տեղանունները: 

Լոռի. մարզկենտրոնը` Վանաձոր

- Լոռուն կարելի է տալ ծիածանի բոլոր գույները: Եթե վերցնենք Սպիտակը, ապա այն ամենահետաքրքիր շրջանն է: Այնտեղ մենք ունենք և´ բնիկ գյուղեր, և´ գյուղեր, որ կազմավորվել են Արևմտյան Հայաստանից գաղթածներից, ունենք նաև գյուղեր, որտեղ եկել են պարսկահայաստանից: Նախկին  Սպիտակ շրջկենտրոնը բնակեցված է եղել պարսկահայերով: Օրինակ` եթե ավտոբուսով գնում ես որևէ գյուղ և այդ ավտոբուսը սպասարկում է մի քանի գյուղերի, ապա ճանապարհին լսում ես միանգամայն տարբեր բարբառներ: Շատ հետաքրքիր տարբերություններ կան: Ինչպես Սյունիքը, այնպես էլ Լոռին ունի տարբեր գոտիներ. բարձրադիր գոտիներում մարդիկ նույնիսկ ձիթապտուղ են աճեցրել: Բնակչության մի մասը դարձյալ բնիկներ են. կան գյուղեր, որտեղ կաթոլիկ հայեր են բնակվում. ժամանակին դա ավելի ակնհայտ էր ու տարածված: 

Շիրակ. մարզկենտրոնը` Գյումրի

- Շիրակն առաջին հերթին ասոցացվում է ցորենի, հացի հետ, այսինքն` ոսկեգույն է: Այստեղ ունենք նաև հրաշք հուշարձաններ: Շիրակը մեր ամենաբարեբեր մարզն է, որի բնակչությունը հիմնականում Արևմտյան Հայաստանից գաղթածներն են: Նախկինում այնտեղ զբաղվում էին շաքարի ճակնդեղի արտադրությամբ: Դժբախտաբար, այժմ նման գործարան չունենք, որպեսզի մարդիկ զբաղվեն դրանով:

 

Արագածոտն. մարզկենտրոնը` Աշտարակ

- Արագածոտնի մարզին բնորոշ է սպիտակ գույնը` կապված Արագածի գագաթի հետ: Աշտարակում այժմ  էլ կան տներ, որոնք պատրաստված են քարից. տան ներքևի հատվածում հիմնականում մառաններն են, իսկ դրանց կից` նաև հնձաններ: Արագածոտնում նույնպես կան բնակչության տարբեր շերտեր: Աշտարակում, Օշականում, Փարպիում կան և´ բնիկներ, և´ բայազետցիներ: Ապարանի և Արագածի բնակչության մեծ մասը եկել են Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից: Նախկինում տարբեր բնակավայրերից եկած մարդիկ շատ էին տարբերվում միմյանցից, բայց այսօր` կապված նաև բնակլիմայական պայմանների հետ, նրանք զբաղվում են նույն աշխատանքով:

  Արմավիր. մարզկենտրոնը` Արմավիր

- Արմավիրին կարելի է տալ հասած ծիրանի գույնը` բաց դեղին` իր արևահամ ծիրանի շնորհիվ: Այն նախևառաջ հոգևոր կենտրոն է, ընդհանրապես հայոց ինքնության կենտրոնը` Էջմիածին քաղաքով: Հետագայում, երբ ձևավորվեց զուտ հայկական իշխանությունը կամ թագավորությունը, հայոց կենտրոնը դարձավ Արարատյան դաշտավայրը: Կարելի է ասել` բնակչությունը դարձյալ միատարր չէ, բայց դա մեր պատմությունն է, իսկ պատմությունից չենք կարող փախչել:

 

 

Կոտայք. մարզկենտրոնը` Հրազդան

- Կոտայքում ունենք ավազի հանքեր, որտեղ կա նաև ժողովրդի լեզվով ասած` սատանայի եղունգ քարը: Այն ունի տարբեր գույներ, որոնցից մեկն էլ նռնաքարի գույն ունի` միայն մի փոքր խամրած. գուցե Կոտայքը հենց նռնաքարի գույնով էլ բնորոշենք: Կոտայքը մեր ամենահին պատմական գավառներից մեկն է` վարչականորեն ամենաուշը ձևավորված: Այստեղ հիմնականում զարգացած է երկրագործությունը` հացաբույսերի արտադրությունը, հետագայում զարգացան նաև այգեգործությունն ու անասնապահությունը: 

Լեռնային Ղարաբաղ.Ստեփանակերտ

- Լեռնային Ղարաբաղին կարելի  է տալ մշուշի թափանցիկ գույնը, նույնիսկ` թափանցիկ սպիտակ, որը որոշ տեղերում կարող է փոխվել բաց երկնագույնի: Ղարաբաղցիներին բնորոշ է աշխատասիրությունը և անկոտրում կամքը: Նրանք մի բնորոշ հատկանիշ ևս ունեն` հավատը, որը շատ կարևոր է: Ժամանակին Ղարաբաղում մեծ զարգացում ուներ այգեգործությունը: Այն Հայաստանի եզակի տարածքներից է, որտեղ պահպանվել է ավանդական մետաքսագործությունը: Ղարաբաղի հուշարձանները նույնպես կարևոր նշանակություն ունեն հոգևոր սննդի համար: 

Երևան

- Երևանը միշտ էլ բնորոշվել է վարդագույն տուֆով` շնորհիվ դրանով կառուցված շենքերի: Սակայն այսօր այդ գույնը շատ քիչ է պահպանվել: Մեր ամենաանճոռնի, ամենակեղտոտ բնակավայրն է: Ընդամենը 100 տարի առաջ Երևանը ունեցել է ընդամենը 13.000 բնակիչ: Այսինքն` այն եղել է մի մեծ գյուղ, որը շրջապատված է եղել այգիներով: Երևանին, և ընդհանրապես այն ժամանակվա քաղաքներին, բնորոշ էին կավից և քարից, այսպես ասած, հում աղյուսից պատրաստված տները: Դրանց շնորհիվ ձմռանը տաք էր, իսկ ամռանը` զով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել