Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում, թե ԱՄՆ-ում դատապարտված Արմեն Ղազարյանին (Պզո) 6 ամսից բերելու են Հայաստան: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Հիշեցնենք, որ Նյու Յորքի Դաշնային դատարանն «օրենքով գող» Արմեն Ղազարյանին դատապարտել է 37-ամսյա ազատազրկման: Ըստ դատավճռի՝ Ղազարյանը պետք է նաեւ 60 հազար դոլար տուգանք վճարի, իսկ ազատ արձակվելուց հետո 3 տարի մնա իրավապահների հսկողության տակ: Գլենդելում բնակվող Ղազարյանն իրեն մեղավոր է ճանաչել դրամաշորթության մեջ, որով զբաղվել է «Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն» հայ-ամերիկյան խմբավորման կազմում: Արմեն Ղազարյանը հայտնի է «Պզո» մականունով, ով ԱՄՆ-ում է 1996 թվականից:

Երեկ Լոս Անջելեսից մեր անանուն աղբյուրը պնդում էր, որ Արմեն Ղազարյանը չի կարող էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան, քանի որ Գրին քարտ ստացել է որպես Ադրբեջանի քաղաքացի: «Դեպորտացիա արվում է միայն այն երկիր, որտեղից որ նա եկել է: Էստեղ թերթերը գրեցին, որ ինքը սուտ է ասում, Երեւանի բնակիչ է, բայց փաստաթղթերով այլ բան է ստացվում: Իսկ Հայաստանը չի կարող էքստրադիցիայի արդյունքում ընդունել այլ երկրի բնակչի»,- փոխանցեց մեր աղբյուրը»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել