ՄԻԱԿ քարտուղար |
Անշուշտ, կարելի է օբյեկտիվ համարել բոլոր այն պնդումները, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած մոտ 37 տոկոս ընտրաքվեների մեջ կան ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ընտրազանգվածներից մի ստվար հատված: Բայց սա արդեն երկրորդական ու, երևի, միայն այդ քաղաքական ուժերին հետաքրքրող խնդիր է: Ներկայում առավել կարևոր է հասկանալ այդ հավաքական ընտրազանգվածի իրական քաղաքական պահանջմունքները: Ընդհանուր գծերով կարելի է գնահատականներ տալ, բայց այս խնդիրը շատ ավելի խորը վերլուծությունների ու բազմաշերտ ուսումնասիրությունների կարիք ունի: Երբ խոսում ենք այն մասին, որ երկրում չափազանց մեծ է բողոքական ընտրազանգվածը, որը միշտ նեգատիվ է քվեարկում, նշանակում է ոչ ավելին, քան դատել դասագրքային ճշմարտություններով: Որոշ մտքի «գիգանտներ» էլ լուրջ դեմքերով հավելում են, թե մարդիկ վատ են ապրում, դրա համար էլ նեգատիվ են քվեարկում: Հարգելիներս, որտեղի՞ց եք վերցրել այս իմպերատիվ ու միաժամանակ խաբուսիկ, իրականությունից շեղող լոզունգը: Եթե դուք հղում եք անում Մասլոուի հայտնի` մարդկային պահանջմունքների բուրգին, ապա պետք է փաստել, որ այդ հիերարխիան իրականում բոլորովին այլ ներքին տրամաբանություն ունի. «Որքան մարդը բարձրանում է, նրա պահանջմունքները ավելի բարդ ձևախեղումների են ենթարկվում, և հետևաբար նրա քաղաքական վարքագիծը` էլ անկանխատեսելի է դառնում»: Եթե սա դիտարկենք մեր քաղաքական իրականության առանցքում, ապա որպես տրամաբանական հետևություն կարելի է ներկայացնել հետևյալը. «Ավելի լավ սոցիալական պայմաններում հնարավոր է՝ Րաֆֆու հավաքած ընտրաքվեները ավելի շատ լինեին":
Շատ չծանրաբեռնելով՝ ուղղակի նշեմ, որ այս ընտրությունները թեկնածուներից մեկի արձանագրած բարձր ընտրաքվեների առումով խիստ ուշագրավ են: Դրանք ոչ միայն իշխանություններին, այլ նաև հասարակության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետներին լուրջ մտորելու, իրավիճակը բազմակողմանի վերլուծելու և այդ առանցքում կարևոր շեշտադրումներ ու մեթոդական ուղեցույցներ փոխելու համար խիստ պատեհ առիթ են: