Ծառուկյանին պատկանող Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի դեմ ներկայացված հայցի քննությունը շարունակվում է։ Համաձայն մամուլի հրպարակման՝ կոմբինատի բաժնետերերի 2008թ. հոկտեմբերի 12-ի ընդհանուր արտահերթ ժողովը որոշել էր համախմբել (կոնսոլիդացնել) Երեւանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը՝ դրանցից ամեն 2363.5 հատը փոխարինելով մեկ նոր բաժնետոմսով, որի անվանական արժեքը 18 908000 ՀՀ դրամ է: Իսկ ընկերության մեկ ամբողջական բաժնետոմսի շուկայական արժեքը, որով հետ էր գնվել բաժնետերերից, սահմանվել էր 28 000 դրամ: Մինչդեռ «ԻնտԻնվեստորը» մեկ բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազար ՀՀ դրամով: Սա գործարքի եւ «ԻնտԻնվեստորի» գնած գնի ընդամենը 20%-ն է կազմում, չնայած որ ընկերությունն աճել է այս ժամանակահատվածում: Այս գինն իրական շուկայական արժեքի 2%-ից էլ պակաս է: Այս քայլով «Մուլտի Գրուպը» դիտավորյալ փորձում է զրկել փոքր բաժնետերերին սեփականության իրավունքից՝ ակնհայտ խախտելով ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները։
Դատական վերջին նիստին քննվել է ապացույցներից մեկը, ու դատավորը գնացել է որոշում կայացնելու, որը կհրապարակվի մարտի 6-ին։ «ԻնտԻնվեստորի» փաստաբանը նշել է, որ թեև մինչ այս դատարանին կողմնակալության մեջ մեղադրելու առիթ չկա, բայց դատավորի կողմից որոշումների անընդհատ ձգձգումը կասկածելու առիթ է տալիս։ Ըստ փաստաբանի՝ եթե անգամ ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործի որոշումը չբավարարի իրենց պահանջները, ապա իր վստահորդները պատրաստակամ են գնալ մինչև Եվրոպական դատարան՝ իրենց շահերի պաշտպանության համար, իսկ հակառակ կողմից փոխզիջման գնալու նախաձեռնություն չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել