Բոլորն էլ միշտ երազել են պետություն և այն պաշտպանող հզոր բանակ ունենալ: Դա այսօր իրականություն է: Հայոց բանակը մեզ պաշտպանող միակ ուժն է, և մենք պետք է շնորհակալ և հպարտ լինենք այն մարտիկներից, ովքեր տարիներ առաջ ապացուցեցին, որ մենք հայ ենք, ուժեղ ենք և պետք է ապրենք անկախ ու խաղաղ հայրենիքում: Նրանք իրենց կյանքն անգամ չեն խնայել, որպեսզի ազատագրեն մեր հայրենիքը: Որքան դժվարությունների միջով են անցել, անհավասար պատերազմում նրանց ուժ է տվել հայրենասիրությունը: Նրանք դաստիարակվել են հաղթական ոգով ու մարտական կամքով, որն էլ դարձել է նրանց հաջողության գրավականը: Նրանց շնորհիվ ենք ապրում այս արյան գնով վաստակած հողի վրա, ուր մեզ զգում ենք ապահով և ապրում առանց վախի: Երբ տեսնում եմ փողոցով անցնող զինվորականների, նայում եմ նրանց հայացքին` խելացի ու վստահ: Հենց այսպես էլ նրանք գործում են:
Ցավալի է, բայց երբեմն լսում ես այն դաժան լուրը, թե մեր զինվորներից մեկը զոհվել է, ես ևս ցավ եմ ապրում, երբ նման բան եմ լսում: Կարծում եմ՝ ամեն հայի սրտում պետք է լինի այս զգացումը:
Անկեղծորեն հայտնում եմ իմ մեծ հարգանքը նրանց նկատմամբ, Աստված թող պահապան լինի նրանց` մեր հայրենիքի պաշտպաններին:
Մելինե Լևոնյան



