Բարի փերին

Լիլիթը` Նարեի լավագույն ընկերուհին, եռում էր զայրույթից.

- Ո´չ, դա անշնորհքություն է: Հասմիկին միանգամայն այլ տարբերակ էր ընկել, ինչո՞ւ քեզանից պոկ չէր գալիս:

Հասմիկը ստուգողական աշխատանքը գրելիս այնքան էր Նարեին խնդրել օգնել իրեն խնդիրները լուծելու հարցում, որ Նարեն չէր հասցրել ավարտել իր ստուգողականը:

- Դե, լավ, վերջացրո´ւ,- ժպտաց Նարեն:

Լիլիթը ճիշտ էր ասում, բայց Նարեն խղճում էր Հասմիկին:

- Ոչինչ, ես կստանամ իմ միակ երեքը և ի՞նչ, իսկ Հասմիկը կուրախանա, որ գոնե կարողացել է երեք ստանալ:

- Ո´չ, ամեն դեպքում չափազանց բարի ես,- մռայլվեց Լիլիթը: - Ի դեպ, դու կտրոնի մասին հիշո՞ւմ ես: Այսօր գնա՞նք:

Լիլիթն Ամանորին երկու կտրոն էր շահել ռադիոյով, որով կարող էր այցելել զվարճանքների նոր կենտրոն` 4D կինոթատրոնով, ավտոմատ խաղերով ու բոուլինգով: Բայց Նարեն խորը շունչ քաշեց:

- Այսօր մեր հարևան Դավիթի հետ պետք է հանրահաշիվ պարապեմ, հետո էլ մորաքրոջս զգեստը քիմմաքրումից պետք է վերցնեմ, իսկ երեկոյան...

Լիլիթը, հույսը կտրած, ձեռքը թափահարեց:

 

 Չիրականացած հույսեր

Երեկոյան Նարեն հանդիպեց Արամ անունով մի գեղեցկատես տղայի հետ, ով սովորում է բուհի առաջին կուրսում: Ինստիտուտը Նարեենց տան հարևանությամբ է: Հենց իրենց բակի անկյունում դեմ հանդիման դուրս գալով` պատահաբար հանդիպեցին ու ծանոթացան: Տղան սառույցի վրա չկարողացավ պահել հավասարակշռությունը և սայթաքեց, գրքերը թափվեցին: Նարեն սարսափած նայում էր նրա վնասված ծնկից եկող արյանը:

«Տուժողը» Նարեի հետ բարձրացավ նրանց բնակարան և արդեն կես ժամ անց միասին ծիծաղում էին, տատիկն էլ հյուրին թեյ հյուրասիրեց, իսկ Արամը քնքշորեն շոյում էր Նարեի կատվին: Դրանից հետո նրանք շաբաթը մեկ-երկու անգամ զբոսնում էին, երբեմն էլ կինոթատրոն գնում: Սակայն Արամը մտերմության ոչ մի քայլ չէր անում, միայն երբեմն բռնում էր Նարեի ձեռքը հենց այն նույն սառցակալած անկյունում, երբ նրան տուն էր ճանապարհում: Նարեն չէր մտահոգվում, որովհետև նախ` մտածում էր, որ Արամի հետ ծանոթացել է ընդամենը երեք շաբաթ առաջ, երկրորդ` նրանից փոքր էր երեք տարով. գուցե Արամը մտածում է` կարող է վախեցնել իրեն... Եվ երրորդ` մոտենում էին գարնանային տոները, հնարավոր է` որոշել է հենց ապրիլի 7-ին խոստովանել իր զգացմունքների մասին:

Հրաշքի սպասելիս

Ամեն բան հիանալի էր. ապրիլի 7-ին դպրոցում ընդամենը երեք առարկա ունեին. նշանակում է` կարող է ավելի շուտ վերադառնալ տուն և ռոմանտիկ ընթրիք պատրաստել, որից հետո համոզված էր, որ կլսի երկար սպասված խոստովանությունը: Ոչ ոք էլ չի խանգարի. տատիկը հանգստյան տանն է, իսկ ծնողները մինչ ուշ երեկո զբաղված են սեփական գործերով:

«Շատ լավ է ստացվում,- մտածեց Նարեն,- երևի թե ճակատագիրը որոշել է պարգևատրել ինձ իմ արած բոլոր բարությունների համար»:

- Վաղը տանը ոչ ոք չի լինելու,- անփութորեն խոստովանեց Նարեն, երբ զբոսնում էին Արամի հետ: Գոնե հասկանա, որ դա ակնարկ է:

- Վաղը ձեր տոնն է, չէ՞,- լռությունից հետո ճշտեց Արամը: Նարեն գլխով դրական նշան արեց` աշխատելով ցույց չտալ իր հրճվանքը:

 

 Հիասթափության օրը

Վաղ առավոտյան, երբ Նարեն դեռ պատրաստվում էր դպրոց գնալ, զանգահարեց Արամը:

- Բարև: Ես ոչինչ չե՞մ խառնել, այսօր ծնողներդ տանը չեն լինելու, չէ՞:

- Ըհը´,- ուրախությամբ հաստատեց նա:

- Ես մի միտք ունեմ, ավելի ուշ կզանգահարեմ, լա՞վ:

Արամը դրեց լսափողը, իսկ Նարեի սիրտը երջանկությունից տրոփում էր:

«Նա ինձ համար անակնկալ է պատրաստում»,- մտածեց Նարեն:

Ինքն էլ էր պատրաստվում. մեղրով տորթ թխեց` մտածելով, որ ընկերոջը դա դուր կգա: Իր մտածմունքների ու հույզերի մասին Նարեն սովոր չէր պատմել որևէ մեկին, բայց այսօրվա ցերեկույթը հանգիստ չէր տալիս իրեն ու այդ մասին պատմեց ընկերուհուն` Լիլիթին: Զարմանալի է, բայց ընկերուհուն իրավիճակն ամենևին էլ չոգևորեց.

- Իսկ դու համոզվա՞ծ ես, որ նա խաբեբա չէ, կարո՞ղ է մտածի` դու իրեն այլ բանի համար ես ձեր տուն հրավիրել,- թերահավատորեն հարցրեց նա:

- Ի՞նչ ես ասում, մենք հարյուր անգամ ենք երկուսով առանձին մնացել, նա անգամ չի էլ փորձել գրկել ինձ,- ծիծաղելով ասաց Նարեն:

- Առավել ևս, շատ զարմանալի է,- նկատեց Լիլիթը:

Արամը զանգահարեց, երբ դասերն ավարտվել էին, իսկ Նարեն Լիլիթի հետ ճաշարան էր շտապում: Նարեն նայեց հեռախոսի վրա գրված համարին, այնուհետև ժպտալով` ընկերուհուն:

- Նա´ր, այսպիսի հարց կա,- հեռախոսից լսվեց Արամի ձայնը: - Դու կարո՞ղ ես ինձ մի քանի ժամով տալ ձեր բնակարանի բանալին և գնալ մի քիչ զբոսնելու: Վերջերս մի աղջկա հետ եմ ծանոթացել, նա ծնողների հետ է ապրում, այնպես որ հնարավոր չէ նրա հետ առանձին հանդիպել, դե, հասկանո՞ւմ ես... Իսկ դու այնպիսին ես, ով ոչ ոքի չի մերժում, ես էլ մտածեցի` կարող է ինձ էլ օգնես: Հը՞, ի՞նչ կասես, Նա´ր: Ինչո՞ւ ես լռում:

- Ես... ես հետո կզանգեմ,- միանգամայն փոխված ձայնով ասաց Նարեն և նետեց լսափողը: Լիլիթը նայեց ընկերուհու այլայլված դեմքին և լուռ նրան տարավ բոլորից հեռու:

 

 Իսկական տոն

- Նա´ր, կարելի՞ է ինքս զանգեմ քո Արամին ու նրան ասեմ այն, ինչ մտածում եմ իր մասին,- չարացած ձայնով հարցրեց Լիլիթը: Էդ ի՞նչ անսիրտ պետք է լինել... Նրանք միասին դուրս էին նայում պատուհանից, և Նարեն ասաց.

- Լի´լ, ի՞նչ անեմ, չտա՞մ, որ գնան,- անորոշ ձայնով առաջարկեց Նարեն: Ի վերջո, ի՞նչ պատճառ ունեմ մերժելու համար, անհարմար է: Ես հո նրա կի՞նը չեմ, իսկ տորթն էլ պետք է ինչ-որ մեկն ուտի...

- Նա´ր, այդ ի՞նչ ես ասում,- Լիլիթի ձայնը զայրույթից խզվեց,- կյանքումդ գոնե մեկ անգամ մտածիր ոչ թե «հարմար կամ անհարմար» լինելու մասին, այլ թե դու քեզ ինչպես կզգաս:

Նարեն պատկերացնում էր, թե ինչպես է Արամին փոխանցում տան բանալին` փորձելով թաքցնել հուզմունքը: Ինչպես է նա այլ աղջկա ձեռքը բռնած կանգնել...

Իսկ հնարավո՞ր է` դա խնդրանք է, և այդ աղջիկն էլ նրա վերջինը չէ: Նրա մտածմունքներն ընդհատեց հեռախոսազանգը: Նարեն խորը շունչ քաշեց և պատասխանեց:

- Ո´չ, տան բանալին չեմ կարող տալ, որովհետև... Նարեն անմիջապես արժանի մերժում մտածեց: Իսկ հետո բարկացավ: Ո՞րն է իր մեղքը: Ինչո՞ւ պետք է ստի և նրան չասի այն, ինչ մտածում է: Եվ շարունակեց այլ տոնով.

- Որովհետև իմ տունը հանդիպումների վայր չէ և չեմ ուզում տուն թողնել անծանոթ մարդկանց: Եվ հետո...

- Մի´ բարկացիր, Նա´ր,- հաշտեցնող ձայնով հեռախոսի մյուս կողմից լսվեց Արամի ձայնը: Ես կարո՞ղ եմ քեզ մոտ գալ, մի բան ուտել: Հը՞: Մեր ճաշարանը չի աշխատում, իսկ ես ողջ օրը քաղաքում պետք է շրջեմ:

- Ո´չ, Արամ,- ասաց Նարեն և ինքն էլ զարմացավ իր վրա: Ուտել ևս չի ստացվի, այսօր ուրիշ ծրագրեր ունեմ: Առաջին օգնությունը, ինչպես նաև անվճար ճաշարանն ու գրադարանն անորոշ ժամանակով փակվել են,- ասելով` կախեց լսափողը:

Լիլիթը լուռ նայում էր ընկերուհուն և չէր հավատում լսածներին: Նարեն ժպիտով նայեց նրան.

- Ծրագրերի հարցում, ի դեպ, ես լուրջ էի ասում: Տոն է, չէ՞: Հա, իսկ շահած կտրոններից ի՞նչ կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել