Կոմանդոսը գոնե ինձ համար մշտապես ակտուալ մնացող մի թեմայի է անդրադարձել. ընդամենը 20 տարի է անցել պատերազմական տարիներից, բայց մենք արդեն իսկ ունենք լուրջ խնդիր՝ Արցախյան պատերազմում դերակատարություն ունեցած որոշ անձանց գերարժևորման կամ ընդհակառակը՝ թերարժևորման։
Տվյալ տեսանյութում Կոմանդոսը արծարծում է կոնկրետ Վալերի Բալայանի անունը, ով եղել է ԼՂՀ Գերագույն Խորհրդի Անվտանգության ու պաշտպանության կոմիտեի քարտուղարը (Վազգեն Սարգսյանն էլ նույն պաշտոնին էր Հայաստանում) ու որին բանտարկել են նրա համար, որ նա ինքնագլուխ ղեկավարել է ու անց է կացրել Շուշիի, Խոջալուի ու մի շարք այլ ազատագրական օպերացիաներ, բայց հիմա նրա անունն ու դերը գրեթե ոչ ոք չի հիշում։
Նաև, թող ինձ ներեն բոլոր Լևոն Տեր-Պետրոսյանականները, ովքեր անկեղծորեն հավատում են, որ հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է հաղթանակի կերտողը, բայց ինչպես ինքը՝ Կոմանդոսն է ներկայացնում Շուշիի ազատագրման էպիզոդը («Առավոտն» է մեջբերել).
«Բայց երբ մենք շրջափակման մեջ հայտնվեցինք, իսկ մարդիկ ինքնակամ զենք վերցրին, բայց փոխվեց ՀՀ կառավարության դիրքորոշումը: Խոջալուն վերցնելու գիշերը, երբ օպերացիան սկսվել էր, «հեռագիր» ստացանք` պահանջով դադարացնել ռազմական գործողությունները: Լեւոն Տեր -Պետրոսյանը դեմ էր դրանց, ինչպես նաեւ` Աշոտ Մանուչարյանը: Մինչդեռ մենք բարդ իրավիճակում էինք, եւ ՀՀ-ն պետք է օգներ մեզ: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով Շուշին ազատագրելու հրաման էր տվել, մեզ ասաց` «էդ քանի՞ գլուխ ունեք, որ որոշել եք ռազմական ճանապարհով ազատագրել Շուշին»: Այդպես ՀՀ կառավարությունը, որին վերագրվում են բոլոր հաղթանակները, դատապարտեց Շուշիի եւ Խոջալուի ազատագրումը»:
Ու եթե մենք շարունակենք այս ոգով, հայեր ջան, ապա վաղը մեր երեխեքը կհայտնվեն արդեն ոչ նախանձելի իրավիճակում, որովհետև իրենք չեն տեսել ու չեն հիշում այդ տարիները ու այդ պատմական կերպարների բոլոր գործերը, և ոչ միայն նրանք, որտեղ նրանց լավ լույսի ներքո ենք ներկայանում։
Ասածս ինչ է, եկեք չկեղծենք մեր իսկ պատմությունը և ըստ արժանավույն գնահատենք այն կերպարների դերը դրանում, որոնք ներգրավված են եղել։
Կից նյութն` այստեղ



