Այսօր, երբ ընթերցեցի ՌԱԿ ատենապետ, «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանի՝ «ԸՆՏՐԱԿԱՆ ՁԱՅՆԵՐԸ ԿԱՊԻՏԱԼԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ» հոդվածը (http://azg.am/AM/2013022001), չկողացա ինձ զսպել ու չանդրադառնալ դրան: Ի՞նչ է ուզում ասել Ավետիքյանը: Որ Րաֆֆու ընտրած պայքարի ձևերը սխալ են ու անարդյունավետ, որ նա իր ստացած ձայներից էյֆորիայի մեջ է ընկել ու կորցրել ռեալության զգացումը: Իրականում, դժվար չէ հասկանալ, որ Ավետիքյանն իր այս հրապարակումով իշխանության պատվերն է կատարում ու Րաֆֆուն, այսպես ասած՝ «կուտ տալիս», թե մի պայքարի, այլ կարողացիր ստացածդ ձայները կապիտալի վերածել: Չէ՞ որ դա հաջողվեց Կարեն Դեմիրճյանին, և երկրում այդ ժամանակ փաստացի հաստատվեց երկիշխանություն: Բայց Ավետիքյանը մոռանում է հիշատակել, որ Կարեն Դեմիրճյանը նախագահական ընտրություններին մասնակցել է 1998-ին, և չէին հանդարտվել հետընտրական կրքերը, որ սկսվեցին 1999-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական լարվածությունն ու ոգևորությունը: Այսինքն՝ ընդհատում չեղավ, և հասարակական ակտիվությունը հնարավոր եղավ պահել: Իսկ հիմա առաջիկա խորհրդարանական ընտրությունները 2017-ին են: Գուցե հարգարժան պարոն Ավետիքյանը մեզ հուշի՞, թե ինչպե՞ս է հնարավոր չպայքարելով պահել ընտրազանգվածը 4 տարի ու այն վերածել կապիտալի:
Եվ եթե պարոն Ավետիքյանը քաղաքականությունից ու քաղաքագիտությունից ինչ-որ բան հասկանում է, որ փորձում է նաև հրապարակավ խորհուրդներ տալ, ապա թող բացատրի, թե այդ ինչպե՞ս եղավ, որ լիբերալ-դեմոկրատական ուղղվածություն ունեցող ՌԱԿ-ը նախագահական ընտրություններում ոչ թե պաշտպանեց գաղափարակից Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ իր անվերապահ աջակցությունը հայտնեց ազգային-պահպանողական արժեքներ դավանող ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանին: Եթե անգամ բոլոր կողմ և դեմ հարցերը ծանրութեթև են արվել, ու արդյունքում որոշվել է պաշտպանել Սերժ Սարգսյանին, ապա գոնե պետք է նշվեր, թե որ հարցերում նրա ներկայացրած ծրագրի հետ համամիտ չեն, ու կցանկանան այդ հարցերի լուծումն այլ կերպ տեսնել. ինչպես դա բխում է լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության տրամաբանությունից: Իսկ անվերապահ աջակցության դեպքում Հակոբ Ավետիքյանն ավանդական կուսակցության լիդերից վերածվեց շարքային «Չեբուրաշկայի»: Այ թող սրա մասին մտածի պարոն Ավետիքյանը, որ միայն նյութական շահը կարող էր ստիպել նրան երեք անգամ հայտարարություն անել՝ Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Եվ, եթե այսքան տարվա մեջ ռամկավարները բազմապիսի ներկուսակցական պայքարների արդյունքում պառակտված են եղել ու թուլացած, բայց երբեք կուսակցությունն այսպես անդեմք չի եղել: Վատ չի լինի, որ մի հոդված էլ այս մասին գրի պարոն Ավետիքյանը, թե ինչպե՞ս դա իրեն հաջողվեց ընդամենը մի քանի ամսվա ընթացքում: