Իրանական հայտնի պարբերականներից մեկում այսօր հրապարակվել է «Իրանցի բանաստեղծներին յուրացնելու Բաքվի պրովոկացիաների նոր փուլը» վերտառությամբ հոդված, որտեղ նշված է, որ աշխարհում ադրբեջանական մշակույթի քարոզով զբաղվող Հեյդար Ալիևի ֆոնդը «Նիզամի Գյանջավի և Մահսաթի Գյանջավի. 12-րդ և 21-րդ դարերը կապող գրական կամուրջ» ծրագրի շրջանակներում այս անգամ Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում տեղադրել է աշխարհահռչակ իրանցի բանաստեղծուհի, Օմար Խայամից հետո իր քառյակներով ամենահայտնի Մահսաթի Գյանջավիի արձանը` վերջինիս ներկայացնելով որպես 12-րդ դարում ստեղծագործած «ադրբեջանցի բանաստեղծ», չնայած բանաստեղծուհու բոլոր գործերը կերտվել են պարսկերենով:
Մահսաթի Գյանջավին միակ իրանցի բանաստեղծը չէ, որին Ադրբեջանական Հանրապետությունը փորձում է ներկայացնել որպես «ադրբեջանցի»: Այդ շարքի մյուս հայտնի ներկայացուցիչներն են Նիզամի Գյանջավին, Խաղանի Շիրվանին, Իզզադդին Շիրվանին, Ֆալաքի Շիրվանին, Մուջիր ադ-Դին Բայլականին և այլոք: