Ես այցելեցի նրան: Ջեֆֆերսից հետո նա պատմողական պոեզիայի լավագույն ներկայացուցիչն էր՝ 70-ի սահմանին, հայտնի ամբողջ աշխարհում: Հավանաբար նրա ամենահայտնի երկու գրքերը «Իմ վիշտն ավելի լավն է, քան քոնը» և «Մահացածները ծամում են Լանգորում»-ն էին: Դասավանդել էր շատ համալսարաններում, ստացել էր բոլոր մրցանակները՝ Նոբելյանը ներառյալ: Բերնարդ Սթեքման: Երիտասարդական քրիստոնեական կազմակերպության աստիճաններով բարձրացա: Պարոն Սթեքմանը ապրում էր 223 համարում: Դուռը թակեցի: «Ներս մտիր»,- ներսից գոռաց ինչ-որ մեկը: Դուռը բացեցի և առաջացա: Բերնարդ Սթեքմանը անկողնում պառկած էր: Օդը լցված էր փսխուկի, գինու, մեզի, կեղտի և նեխած ուտելիքի հոտով: Սրտխառնոց զգացի: Վազեցի դեպի լոգարան, փսխեցի, հետո վերադարձա:
- Պրն. Սթեքման,- ասացի ես,- ինչո՞ւ չեք բացում պատուհանը:
- Լավ միտք է: Բայց ինձ այդպես մի´ կոչիր` «պրն. Սթեքման»: Ես Բարնին եմ:
Նա հաշմանդամ էր, և երկար ջանքերից հետո նրան հաջողվեց տեղափոխվել մահճակալից աթոռին:
- Հիմա հանգիստ կխոսենք,- ասաց նա,- երկար եմ սպասել դրան:
Նրա կողքին` սեղանի վրա, կար մեկ գալլոնանոց սափոր՝ dago red գինով լի, որի մեջ լողում էին սատկած ցեցերն ու ծխախոտի մոխիրը: Ես շրջվեցի, հետո կրկին նայեցի: Նա կուժը բերանում էր պահել, բայց գինու մեծ մասը թափվում էր վերնաշապիկի ու վարտիքի վրա: Սթեքմանը կուժը տեղը դրեց:
- Ահա թե ինչ էր պակասում:
- Ավելի ճիշտ է բաժակով խմես,- ասացի ես,- այդպես ավելի հեշտ է:
- Այո, հավատում եմ, ճիշտ ես:
Նա նայեց շուրջը: Մի քանի կեղտոտ բաժակներ կային կողքին, և ես զարմանքով հետևում էի, թե դրանցից որ մեկն է ընտրելու: Ընտրեց ամենամոտիկը: Դեղնագույն պնդացած ինչ-որ նյութ կար բաժակի խորքում, որը հավի լապշայի ավելցուկ էր հիշեցնում: Նա լցրեց գինին: Հետո բարձրացրեց բաժակն ու միանգամից դատարկեց այն:
- Այսպես համեմատաբար հեշտ է, տեսնում եմ լուսանկարչական ապարատ ես բերել: Եկել ես ինձ նկարելո՞ւ:
- Ճիշտ այդպես,- պատասխանեցի և առաջացա, բացեցի պատուհանը և մաքուր օդ շնչեցի: Մի քանի օր էր, ինչ անձրևում էր, և օդը դրսում շատ մաքուր էր ու թարմ:
- Լսի´ր,- ասաց նա,- երկար ժամանակ է` ուզում եմ միզել: Մի դատարկ շիշ բեր:
Դատարկ շշեր շատ կային մոտակայքում, դրանցից մեկն էլ բերեցի: Նրա տաբատի շղթան արձակած էր, միայն վերին կոճակն էր ամրացված, քանի որ շատ էր փքվել: Նա ձգվեց և առնանդամը դուրս հանեց` ծայրը պահելով շշի մեջ: Երբ միզում էր, առնանդամը քարացել էր և սկսեց շարժվել այս ու այն կողմ` ցայտեցնելով մեզը շուրջը` վերնաշապիկին, տաբատին, դեմքին, և անհավատալի է, բայց վերջին շիթը հասավ անգամ նրա ձախ ականջին:
- Հաշմանդամ լինելը ահավոր է,- ասաց նա:
- Իսկ ինչպե՞ս դա պատահեց,- հարցրեցի:
- Ի՞նչը ինչպես պատահեց:
- Որ հաշմանդամ դարձար:
- Կինս: Նա մեքենայով անցավ վրայովս:
- Ինչպե՞ս: Ինչո՞ւ:
- Ասաց, որ ես այլևս անտանելի եմ:
Ոչինչ չասացի: Միայն մի քանի կադր նկարեցի:
- Իմ կնոջ նկարներից ունեմ: Ուզո՞ւմ ես տեսնել նրանցից մի քանիսը:
Շարունակությունը՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://cultural.am/hy/gradaran/grakanutyun/mec-groghy
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել