Ինչքան էլ Մհեր Սեդրակյանը փորձի քաղաքական գործչի, նժդեհականի, գործարարի կամ էլ մեծն բարերարի ամպլուայում հանդես գալ, մեկ է, ինքը Թոխմախի Մհերն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով ու վարքային դրսևորումներով։
Ասածիս վառ ապացույցն էլ «Առավոտի» լրագրողների հետ ունեցած միջադեպն է, երբ վերջիններիս խոչընդոտել են մտնել ՀՀԿ-ի շտաբը, դեռ մի բան էլ փորձել են խլել տեսախցիկը, իսկ երբ մոտեցել է Թոխմախի Մհերը, մի հատ դարակազմիկ երկխոսություն է տեղի ունեցել։ Երբ հարցազրույցը կարդաք, մի հատ հարց կտաք ինքներդ ձեզ (հատկապես նրանք, ովքեր սիրում են ՀՀԿ-ի համար դոշ տալ բոլոր պատեհ ու անպատեհ առիթներով), թե արդյո՞ք սա ազգընտիր դելեգատի ու քաղաքական գործչի մակարդակի խոսակցության կուլտուրա է...
****
- Ինչո՞ւ է երիտասարդը փորձում խոչընդոտել լրագրողների աշխատանքին:
- Բայց ի՞նչ ունեք հարցնելու:
- Գուցե ներս գայինք, ընդամենը պետք է թվեր հարցնեինք: Իսկ Դուք տեսա՞ք, թե ձեր աշխատակիցը իրեն ո՞նց պահեց: Ո՞նց պահեց իրեն էն տղան, որ հենց նոր իջավ:
- Պահակն ա եղել, երեւի, հա՞:
- Պահակն էդքան լիազորություննե՞ր ունի, հա՞, էստեղից լրագրող վտարելու:
- Չգիտեմ՝ ով ինչ լիազորություն ունի, ոչ դուք էդքան լիազորություն ունեք, ոչ էլ մենք:
- Մենք մեր լիազորությունները չենք գերազանցում: Մենք մեզ նաեւ կոռեկտության մեջ ենք պահում: Ընդամենն ընտրական գործընթաց է, մենք պիտի գայինք, խնդրեինք, որ դուք մեզ թվերն ասեիք:
- Առայժմ կոնկրետ թվեր չունենք...
- Կարելի՞ է ներս հրավիրեիք մեզ, գուցե...
- Դե, ես ասում եմ՝ եկեք ներս, դուք կանգնել եք աստիճանների վրա, բազար եք անում:
- Մենք բազար չենք անում, պարոն Սեդրակյան:
- Բա ի՞նչ եք անում: Ես ասում եմ՝ եկեք ներս, դուք կանգնել եք ընդեղ ռազբիրատ եք անում: Ոնց որ գողական ըլնեք: Անցեք ներս:
Իսկ վերջում Էրեբունու սատրապը հայտարարել է, որ երիտասարդին կգտնեն ու կպատժեն, բայց ոչ լրագրողների ներկայությամբ, թե չէ դա նրանց (լրագրողների) համար շատ կլինի...
Այ էս ա մեր քաղաքական իսթեբլիշմենթի իրական դեմքը։



