Հարգելի՛ պարոն նախագահ, նախ և առաջ շնորհավորում եմ Ձեզ ևս մեկ անգամ նախագահի կոչմանը ՀԱՍՆԵԼՈՒ համար: Ձեզ դիմում եմ, որովհետև էլ չեմ կարող լռել: Տեսնելով ազգիս ռոբոտացված վիճակը` ես ինձ զգում եմ, ներեցեք, էշի կարգավիճակում: Ինչքա՞ն կարող է շարունակվել այս անհեթեթությունը: Արդյո՞ք որոշ գործողություններ չեն կրում քրեական պատասխանատվություն: Սկսեմ ամենաաննշանից: Մի՞թե կարելի է պարտադրել քաղաքացուն ներկա լինել այս կամ այն հավաքին և թույլ չտալ նրանց դուրս գալ հավաքի վայրից: Չէ՞ որ դա մտնում է մեր սեփական իրավունքների մեջ և կարելի՞ է արդյոք ոտնահարել մարդու իրավունքները`բռնանալով նրա ցանկություններին: Ախր պետք է փորձել խուսափել մարտիմեկյան դեպքերի կրկնությունից:
Համացանցում տարածված բազմաթիվ տեղեկություններ ու փաստեր կան, որոնք կրկին անգամ հիշեցնում են, որ մենք ապրում ենք անօրեն երկրում: Ո՞ւր կորան այն օրենքները, որոնք հավասար էին բոլորի առջև: Գիտե՛մ... 18.02.13թ.-ին դրանք «հրաշքով» անհետացան: Ախր հնարավոր է չէ՞ անցկացնել ընտրությունները օրինական և արդար ճանապարհով: Չէ՞ որ մենք ինքներս ենք մեր քվեի տերը, և մենք պետք է ընտրենք մեր նախագահին:
Եթե նախագահական ընտրություններն անցկացվելուց առաջ բոլորը գիտեն, թե ով է լինելու նորընտիր նախագահը, էլ ի՞նչ իմաստ ունեն ընտրությունների կազմակերպումը, լարված միջավայրը, քաշքշուկները, տհաճ միջադեպերը և ցավալի պատահարները: Զուր չէ՞ արդյոք այս ամենը: ՀՀ-ում ընտրությունները կրում են ձևական բնույթ, ինչն ակներև է և անհերքելի: Եկե՛ք երբեմն մտածենք ժողովրդի մասին, վերջ տանք կեղծիքներին ու գտնենք այդքան հեռու թվացող ապահով Հայաստանը: Հուսով եմ՝ մյուս նախագահական ընտրություններին չեն լինի դժգոհություններ բազմաթիվ քաղաքացիների կողմից և չենք դառնա խամաճիկ իշխանության ձեռքին:



