www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Քսաներորդ դարի սկզբին մի շոտլանդացի ֆերմեր տուն էր վերադառնում ճահճի կողքով: Մեկ էլ նա օգնության կանչ լսեց: Ֆերմերը շտապեց օգնության և տեսավ մի տղայի, ով մխրճվում էր ճահճի մեջ:
Տղան փորձում էր դուրս պրծնել ճահճից, սակայն նա ցանկացած շարժման հետ ավելի ու ավելի էր ընկղմվում: Նա գոռում էր հուսահատությունից և վախից: Ֆերմերը արագ մի հաստ ու երկար փայտ գտավ, զգուշորեն մոտեցավ և մեկնեց այդ փրկարար փայտը խեղդվողին: Տղան, ամուր բռնվելով այդ փայտից, դուրս պրծավ ճահճի ճիրաններից: Նա ամբողջ մարմնով դողում էր և երկար ժամանակ չեր կարողանում զսպել արցունքները, սակայն տեղի էր ունեցել ամենակարևորը՝ նա փրկված էր:
— Արի գնանք մեր տուն, — առաջարկեց նրան ֆերմերը, — կհանգստանաս, կչորանաս ու կտաքանաս:
— Ոչ, ոչ, — տղան տարուբերեց գլուխը, — ինձ հայրս է սպասում: Նա երևի շատ է անհանգստանում:
Շնորհակալ հայացքով նայելով իր փրկիչի աչքերի մեջ՝ տղան վազելով գնաց...
Առավոտյան ֆերմերը տեսավ, որ իր տանն է մոտենում մի հարուստ կառք, որին լծված էին շքեղ, զտարյուն ձիեր: Կառքից իջավ մի հարուստ հագնված ջենտլմեն և հարցրեց.
— Այդ Դու՞ք եք երեկ փրկել իմ որդու կյանքը:
— Այո՛, ես, — պատասխանեց ֆերմերը:
— Ինչքա՞ն եմ ես Ձեզ պարտք:
— Խնդրում եմ, մի նեղացրեք ինձ, պարոն: Դուք ինձ ոչինչ էլ պարտք չեք, որովհետև ես արել եմ այն, ինչ կաներ ցանկացած նորմալ մարդ:
— Ո՛չ, ես դա այսպես չեմ կարող թողնել: Իմ որդին ինձ համար անչափ թանկ է: Ցանկացած գումար անվանեք, — պնդում էր պարոնը:
— Ես այլևս չեմ ուզում խոսել այդ թեմայով: Ցտեսություն, — Ֆերմերը շրջվեց, որ հեռանա: Այդ պահին նրա որդին դուրս թռավ տանից:
— Ձեր որդի՞ն է, — հարցրեց հարուստ հյուրը:
— Այո՛, — հպարտությամբ պատասխանեց ֆերմերը՝ շոյելով իր որդու գլուխը:
— Եկեք այսպես անենք: Ես կվերցնեմ Ձեր տղային ինձ հետ՝ Լոնդոն և կհոգամ նրա ուսման բոլոր ծախսերը: Եթե նա իր հոր նման վեհանձն անձնավորություն է, ապա ո՛չ Դուք, ո՛չ էլ ես չենք ափսոսա մեր այս որոշման մասին:
Անցան տարիներ: Ֆերմերի տղան ավարտեց դպրոցը, հետո բժշկական համալսարանը և շուտով նրա անունը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում, որպես պենիցիլինը հայտնագործողի: Նրա անունն էր Ալեքսանդր Ֆլեմմինգ:
Անմիջապես պատերազմից առաջ լոնդոնյան հարուստ կլինիկաներից մեկը ընդունվեց այն հարուստ ջենտլմենի տղան՝ թոքերի բորբոքման ծանր ձևով: Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչը փրկեց նրա կյանքը այս անգամ: Համաձայն լեգենդի՝ դա պենիցիլինն էր, ինչը հայտնագործել էր Ալեքսանդր Ֆլեմմինգը:
Ֆլեմմինգին կրթություն տված այդ հարուստ ջենտլմենի անունը Ռանդոլֆ Չերչիլ էր: Նրա որդու անունն էր Ուինսթոն Չերչիլ, ով հետագայում ստանձնեց Անգլիայի պրեմիեր-մինիստրի պաշտոնը:
Ուինսթոն Չերչիլը ինչ-որ առիթով ասել է. «Արածդ կվերադառնա»:
Ռաֆալ Օլբիսնկի «am-Ryszard Horowitz Rafal Olbinski Portrait»