«Հալեպի հայ համայնքը պահելն այսօր անիմաստ է, հայերն իրենց կյանքը փրկելու խնդիր ունեն»,- ասում է «Արևելք» պարբերականի խմբագիր Սագօ Արեանը 1-in.am կայքին տված հարցազրույցում: Այսօր հալեպահայության շուրջ երկիմաստ մի իրավիճակ է ստեղծվել. մի կողմից, ինչպես Սագօ Արեանն է ասում, հայեպահայերը վերջնականապես համոզվել են, որ իրենք արդեն փաստացի պատանդի կարագավիճակում են հայտնվել և պետք է անհապաղ դուրս գալ այդ օր-օրի ահագնացող շրջափակումից, իսկ ահա այլ աղբյուրից տեղեկանում ենք, որ հալեպահայերը դեռևս չեն ցանկանում վերջնականապես տեղափոխվել Հայաստան: «Այս մոտեցումը դեռ շատ ջուր կվերցին, որովհետև այդպես չէ: Հալեպում կան շատ անհատներ, որոնք ցանկանում են և պահանջում են դուրս գալ այդ վիճակից: Այնպես չէ, որ մարդիկ չեն ուզում, ուղղակի միջոցներ չունեն, նյութական հնարավորություններ չունեն, անորոշության մեջ են, թե Հայաստան գան՝ ինչ պետք է անեն. այս հարցերը կան»,- ասում է Սագօ Արեանը:

Սագօ Արեանը անիմաստ է համարում ցանկացած դրամահավաք և հումանիտար օգնության տրամադրում՝ հայերին շրջափակված Հալեպում պահելու համար. նրանց պետք չի ոչ սնունդ, ոչ տաք շոր՝ նրանց պետք է միայն օր առաջ դուրս բերել Հալեպից, և այդ բոլոր հանգանակություններն ու օգնությունները անհրաժեշտ է ուղղորդել հալեպահայերին ժամանակավոր կացարաններով ապահովելու նպատակով: Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ, այլ պետք է վերջապես հասկանալ դառը իրողությունը՝ հայկական Հալեպը ամեն վայրկյան կորչում-գնում է մեզ համար: Այստեղից այլ հարց է առաջանում. ինչու՞ չկա մեր պետական մարմինների հստակ դիրքորոշումը այս ծանրագույն խնդրի վերաբերյալ: Այսօր փաստացի հայերի կյանքը Հալեպում բառացիորեն ֆիզիկապես փրկելու հարց է դրված՝ քանի դեռ չի կատարվել ամենասարսափելին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել