Այն, որ մեր երկրում սպառողի իրավունքները ոտնահարվում են ամեն քայլափոխի, գիտենք բոլորս: Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ սպառողն ամենաանկարևոր կողմն է ցանկացած իրավահարաբերության մեջ:

Այնինչ քաղաքակիրթ իրավական բոլոր երկրներում սպառողի իրավունքները երբեմն այն աստիճան են պաշտպանված, ու վերջինս այնպիսի իրավասություններով է օժտված, որ մեկ-մեկ այդ ամենը ողջախոհության սահմաններից դուրս է թվում: Սպառողի իրավունքների խախտումների բազմաթիվ ու բազմազան օրինակներից այս անդրադարձը վերաբերում է «Երևան ջուր» ՓԲԸ-ի գործունեությանը: Արդարության համար նշենք, որ վերջին տարիներին մայրաքաղաքի ջրասպասարկման ոլորտն իսկապես մեծ առաջադիմություն է գրանցել, սակայն չլուծված խնդիրներն էլ շատ են: Մասնավորապես՝  Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջանների մի շարք թաղամասերում գիշերային ժամերին դադարեցվում է բնակչության ջրամատակարարումը, ինչը  ՀՀ կառավարության 21 Հունվար 2004, 130 – Ն որոշման, ինչպես նաև քաղաքացիների հետ կնքված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման» բնակիչ-բաժանորդների համար պայմանագրի կետերի կոպիտ խախտում է: Սակայն այս մասին կարծես թե տեղյակ չեն մեր սպառողները, և իրենց իրավունքներն օրինական ճանապարհով պաշտպանելու  փոխարեն բավարարվում են ընդամենը դժգոհելով ու բողոքելով:

ՀՀ կառավարության 21 Հունվար 2004, 130 – Ն որոշման 5-րդ կետի 43-րդ ենթակետն արձանագրում է, որ բաժանորդն իրավունք ունի ջրամատակարարից պահանջելու պետական ստանդարտների պահանջներին համապատասխանող խմելու ջրի մատակարարում՝ կանոններով և պայմանագրով սահմանված կարգով, իսկ ջրամատակարարը պարտավոր է կատարել բաժանորդի ջրամատակարարումը, ինչպես նաև կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը` պայմանագրով նախատեսված քանակին ու որակին համապատասխան: Փաստորեն, ստացվում է, որ ջրամատակարար ընկերությունը խախտո՞ւմ է քաղաքացու և իր իրավահարաբերությունները կարգավորող հիմնական փաստաթուղթը: 

Հարցի պատասխանը  ստանալու համար դիմեցինք «Երևան ջուր» ՓԲԸ-ի Շենգավիթի մասնաճյուղի գրասենյակ, որտեղից էլ ստացանք հետևյալ պատասխանը․ «Այն, որ քաղաքացու ջրամատակարարումը դադարեցվում է գիշերային ժամերին, ոչ թե նրա իրավունքների խախտում է, այլ օրինաչափ երևույթ, և նշանակում է, որ ջրամատակարար ընկերության հետ քաղաքացին կնքել է ոչ թե շուրջօրյա, այլ  ոչ շուրջօրյա (ժամը 7-24) ջրամատակարարման պայմանագիր: Չի կարող լինել այնպես, որ ջրամատակարար ընկերությունը պարբերաբար ապօրինի կերպով դադարեցնի քաղաքացու գիշերային ջրամատակարարումը: Պարզապես մեր քաղաքացիները շատ անգամ չեն էլ նայում՝ ինչ փաստաթուղթ են ստորագրում ու պարզելով, որ ծանոթներից շատերն ունեն շուրջօրյա ջրամատակարարում, ենթադրում են, որ իրենց պարագայում տեղի է ունենում իրավունքների ոտնահարում, այնինչ իրականում դա իրենց հետ կնքված պայմանագրով է նախատեսված, որ ջրամատակարարումը գիշերային ժամերին պիտի դադարեցվի: Իհարկե ցանկալի է, և «Երևան ջուր» -ն էլ ամեն ինչ անում է, որ Երևան քաղաքում շուրջօրյա ջրամատակարարում ունենա ամեն բնակիչ, սակայն դա շատ բարդ պրոցես է, և մեկ օրում խնդիրը չի կարող լուծվել»:

Սա կոնկրետ դեպքով կոնկրետ պատասխան է, որը, հնարավոր է, չի վերաբերում քաղաքացիների՝ ջրամատակարարման հետ կապված  այլ խնդիրներին: Ամեն դեպքում, եթե դուք ունեք ջրամատակարարման հետ կապված խնդիր և գտնում եք, որ ջրամատակարար ընկերությունը խախտում է ձեզ հետ կնքված պայմանագրով նախատեսված իր պարտականությունները, հիշեք. «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման» բնակիչ-բաժանորդների համար պայմանագրի 6-րդ կետի 6.3 ենթակետի համաձայն՝ «Ջրի չմատակարարման, կենցաղային կեղտաջրերի չհեռացման կամ ջրամատակարարման պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում կազմվում է խմելու ջրի թերմատակարարման ակտ, բայց ոչ ավելի, քան մեկ ամիս ժամկետով , եթե բաժանորդը ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ դրա մասին գրավոր տեղեկացրել է ջրամատակարարին, ինչի հիման վրա ջրամատակարարը բաժանորդին վճարում է տուժանք՝ թերմատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի համար՝ սակագնի քառապատիկի չափով»:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել