Araratnews.am-ը գրում է.
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նա իր մասնագիտական գիտելիքներն ու եռանդը լավագույնս կծառայեցնի Հայաստանի և Հունաստանի միջև կապերի առավել խորացման ու ամրապնդման գործին:
Երկու բարեկամ պետությունների հարաբերությունների զարգացման գործում Գալուստ Սահակյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը: Ազգային ժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու դեսպանին խորհրդարանի հետ արդյունավետ համագործակցության հարցում:
Դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է երկու խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում:
Հանդիպմանը կողմերն ուրախությամբ ընդգծել են հայ և հույն ժողովուրդների բարեկամության խոր պատմական արմատներն ու ընդհանրությունները և համոզմունք հայտնել, որ համատեղ ու փոխշահավետ աշխատանքի արդյունքում երկու ժողովուրդների հարաբերություններն առավել խորացնող ու ամրապնդող ձեռքբերումներ կլինեն:



