Միջազգային հանրությունն Աֆղանստանի համար հավաքել է 15.2 մլրդ դոլար՝ Բրյուսելում անցկացված դոնորային համաժողովի արդյունքներով։ Այս մասին հայտարարել է միջազգային համագործակցության և զարգացման հարցերով եվրահանձնակատար Նևեն Միմիցան՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Համաժողովի ամփոփիչ փաստաթղթում ասվում է, որ միջազգային հանրությունն ու Աֆղանստանը արտահայտել են համագործակցությունը ուժեղացնելու ձգտում՝ օգնելու այդ երկրին հասնել խաղաղության, անվտանգության, կայուն զարգացման և բարգավաճման։
Երկօրյա համաժողովին, որը բացվել էր հոկտեմբերի 4-ին, մասնակցել են 70 երկրներ և 20 կազմակերպություններ։
ԵՄ-ն դարձել է Աֆղանստանի գլխավոր դոնորը՝ երկրի համար հատկացնելով 5 մլրդ եվրո։
«Ներդրումները Աֆղանստանի ժողովրդի համար ներդրում են միջազգային կայունության մեջ ու մեր ապագայում»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։



