Չափազանց անտանելի է, երբ բնակվելով Հայաստանում դիտողական հորիզոնը, բացի հայկականից, ուրիշ ոչինչ չի նկատում: Երկիր, ուր խոսում են միայն հայերեն, կրոնը` հայ առաքելական, բնակչությունը` հիմնականում հայեր: Չմտածեք, թե դեմ եմ այս ամենին. եթե նպատակ ունեք հասունանալ և ինքնահաստատվել զուտ որպես ծայրահեղական հայրենասեր, ապա Հայաստանը ճիշտ ձեր տեղն է: Հեռուստաեթերով մեր երկիրը միայն գովերգող ծրագրեր են, որոնցում միակ նպատակը հայ իրականության աստվածացումն է: Բնականաբար, ամեն վատը և անընդունելին այլասերված և կեղտոտ եվրոպական հետքն է հայոց բերքառատ և միաժամանակ քարքարոտ հողերի վրա: Իհարկե, այս ամենը չափազանց հետաքրքիր է և զարմանալի, սակայն արդի հայ իրականության մեջ ապրող երիտասարդների մեջ ակամայից առաջանում են հարցեր: Եվրոպական բարքերը և մշակույթն ընդհանրապես, լինելով այլասերված և կեղտոտ, ինչպես են մշակույթի ասպարեզում ներկայում զբաղեցնում առաջին, իսկ հայ արդի արվեստը` հազիվ-հազիվ ծանոթի միջոցով 90-րդ տեղը:

 

Եվ ինչու հայկական արմատներ ունեցող բազում հանճարեղ անձինք ճանաչում և փառք են վաստակում հենց այդ «այլասերված և կեղտոտ» Եվրոպայում: Շատ չհեռանանք մեր թեմայից. այդպիսի հանճարեղ հայերից շատերն ինքնահաստատվել և իրենց անունը գտել են համաշխարհային նորաձևության ճանապարհին: Իսկ անդրադառնալ այն հարցին, թե ինչու մեր հայրենակիցները ճանաչում ձեռք բերեցին հենց արտերկրում, այլ ոչ հայրենի հողի վրա, չենք ուզում, քանի որ բավականին ծեծված թեմա է:

Tatevossian, Didier Parakian, Alain Mikli (Alain Miklitarian), Yulia Dallakyan, Daian Gevorgkyan, Edmond Avakian, Karine Arabian, Von Vonni, Vardoui Nazarian, Alain Manoukian. քեզ որևէ բան ասացի՞ն այս անունները: Բնականաբար, մի երկրում, ուր նորաձևությունը սահմանափակվում է Dolce&Gabbana և Armani բրենդերով, նմանատիպ անունները ոչինչ չեն ասի: Սակայն արտասահմանյան ցանկացած երկրում վերոնշյալ անունները միայն ակնածանք են առաջացնում: Բրենդ դարձած այս անունները համաշխարհային նորաձևության ամենաթանկարժեք «քարերն»  են, որոնք, ինչպես կռահեցիր, հայեր են: Դեռ 20-րդ դարի կեսին աշխարհի տարբեր կետերում հնչում էր «յան» վերջավորությամբ ազգանունը, շեշտվում էին նորաձևության հայ աստղերի անունները:

Նրանց հագուստները զարդարում են հոլիվուդյան աստղերի զգեստապահարանները, ֆրանսիական արիստոկրատների երեկոյան բուդուարը, բազում մեծահարուստների հանդերձարանները:

 

 Edmond Avakian

Նրա պատրաստած զարդերից օգտվում են արքայադուստր Իռա դե Ֆյուշտենբերգը, սուպերմոդել Իվոնա Տրամպը, Կատրին Դենյովը, Ջինա Լոլոբրիջիտան: Շվեյցարիայում բնակվող ազգությամբ հայ Էդմոն Ավագյանի Avakian brend-ը զարդերի պատրաստման ոլորտում այժմ զբաղեցնում է առաջատար դիրքեր` գրավելով քննադատների, խստապահանջ գնորդների հիացական հայացքներն ու բացականչությունները: Շքեղ երեկույթներ, անվանական բուտիկներ Ժնևում, Մոսկվայում, Դուբայում, Լոնդոնում... Ամենուր, որտեղ փայլում են հռչակավոր այս բրենդի ադամանդները, հնչում է հայկական Avakian ազգանունը:

 

 Tatevossian

Դեռ 1990թ. հիմնադրված աքսեսուարների և ճարմանդների արտադրությամբ զբաղվող Tatevossian բրիտանական ընկերությունն այժմ ողջ աշխարհի կողմից հռչակվել է որպես «ճարմանդների լիիրավ արքա»: Ռոբերտ Տատևոսյան, British Export Awards for Accessories եռակի մրցանակակիր: Հայկական Tatevossian ազգանունը բարձրաշխարհիկ միջավայրի անբաժանելի ատրիբուտ է դարձել:

 

 Alain Mikli

Ալեն Միկլիթարյան. ակնոցների և հարդարման այլ պարագաների հայ աշխարհահռչակ ազգանունը: Ըստ իս` մարդկության արարումից հետո ամենամեծ հայտնագործություններն են կրակը, համացանցը և արևային ակնոցը: Հայկական արմատներով ֆրանսիացի այս դիզայները երրորդ ամենամեծ հայտնագործություններից մեկի` արևային ակնոցի արքաներից է: Նրա հեղինակած ակնոցները կատաղի մոլուցքով գնել և գնում է Էլթոն Ջոնը, իսկ արևմտյան բոմոնդի համար որևէ շքեղ միջոցառման Alain Mikli-ի ակնոցով ներկայանալը բացառիկ ճաշակի ապացույց  է:

 

 Alain Manoukian

1969թ. հիմնադրված նորաձևության այս տունը վաղուց արդեն հասցրել է արժանանալ փարիզյան խստապահանջ գնորդների բարձր գնահատականին: Նորաձևության աշխարհումAlain Manoukian-ի ներկայացրած եզակի լուծումները երբևէ չեն արժանացել քննադատների քամահրանքին, իսկ դասական ոճի նորաստեղծ նման լուծումներն արժանացել են «էլեգանտ» տիտղոսին:

 

 Daian Gevorgkian

Բարձր նորաձևության երիտասարդ այս անունն իրական գտածո է: Քննադատները Դայանի մասին գրում են. «Նա չի ներառվում ոչ մի ոճի մեջ, նա ստեղծում է իր ուրույն ոճը»: Դայանն արդեն հասցրել է աշխատել այնպիսի հանրահայտ անունների հետ, ինչպիսին Մարկ Ջեյքոբսն է:

 

 Didier Parakian

Աշխարհահռչակ դիզայների ստեղծած ռոմանտիկ կնոջ կերպարն այնքան հրապուրեց նորաձևության հետևորդներին, որ այժմ արտադրության 75% արտահանվում է Ֆրանսիայի սահմաններից դուրս: Parakian ազգանունն այժմ կարելի է տեսնել եվրոպական առաջատար մայրաքաղաքներում, Ռուսաստանում, Արևելքի ամենաշքեղ սրահներում` Չիանստանում, Ճապոնիայում: Վաղուց ի վեր` դեռ 1989թ.-ից Դիդիե Փարակյանը գտավ իր ուրույն ճանապարհը դեպի ոճի և շքեղության մեծ աշխարհ:

 

 Yulia Dalakian

Ամենավառ և այժմեական հայ մոդելավորողներից մեկը, ում անունը և վառ արտահայտված հայկական ազգանունը թնդում է ողջ Ռուսաստանում և արտասահմանում: Դեռ 15 տարեկանից ԺՈսՈՍ´վ ազգանունը հայտնի դարձավ Մոսկվայում: Այժմ ճանաչված այս բրենդը գրավում է տասնյակ թանկարժեք բուտիկների հաճախորդներին, ինչպես նաև` գլամուրային ամսագրերի էջեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել