Բամբասանքը աղբ ու հերյուրանք է, որ մարդկանց հաճելի զբաղմունքներից է և շփման ուրախությունը: Ինչևիցե, դա կա, մենք դա լսում ենք, փոխանցում, գունազարդում-ճոխացնում, և դրանք ոչ մի տեղ չեն կորչում: Եթե բամբասանքը գոյություն ունի, ապա ինչ-որ մեկին պե՞տք է: Գուցե: Հարցն այն է, թե որքանո՞վ է այն անհրաժեշտ քեզ: Կպարզենք:

Ինչպե՞ս չդառնալ բամբասանքի զոհ և ուշադրություն չդարձնել դրանց
Գրեթե անհնար է: Սխալներ թույլ չի տալիս նա, ով ոչինչ չի անում, զոհ չի դառնում նա, ով նույնպես ոչինչ չի անում: Բայց և անգործ մարդու մասին կարող են բամբասանքներ տարածել: Անբասիր մարդկանց մասին բամբասողները մտածում են, որ «այնուամենայնիվ, այնտեղ ինչ-որ բան պետք է լինի»: Ի՞նչ անել:
Թիկունք ստեղծել: Պետք է առանձնացնել մարդկանց, ում կարծիքն է քեզ համար կարևոր և նրանց, որոնց կարծիքը քեզ քիչ է անհանգստացնում: Մտերիմներդ կարող են շատ հարցերում հասկանալ և ներել քեզ: Եթե ունես մտերիմ ընկերուհի, ծնողներ, եղբայր կամ քույր, ընկեր և փափուկ արջուկ, ովքեր սիրում և գնահատում են քեզ, ապա ունես ամուր հենարան, որպեսզի արհամարհես, ուշադրություն չդարձնես բամբասողներին: Հիշի´ր. մտերիմների հետ չի կարելի խորամանկել:
Չսխալվել: Անհավանակա՞ն է: Իհարկե, անհնար է: Բայց, օրինակ, կարելի է սովորել չներքաշվել հիմար պատմությունների մեջ: Պետք չէ խառնվել ուրիշների հարաբերություններին, քանի դեռ իրենք քեզ չեն խնդրել դա: Դժվար չէ:
Ուղղել սխալները: Թյուրիմացության պատճառով առաջացած սխալները պետք է ուղղել անմիջապես, հակառակ դեպքում բարենպաստ հող է ստեղծվում բամբասանքի համար: Խղճիդ հանգստության համար, որքան էլ դժվար լինի, ինքդ մոտեցիր նրան, ով սխալ տեղեկատվության հիման վրա վիրավորել է քեզ: Բացատրիր, որ դու մեղավոր չես, թյուրիմացություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկուսդ էլ վատ եք զգում ձեզ: Եթե չհասկացվես, դա արդեն քո խնդիրը չէ:

Ինչո՞վ է դա վնասակար
Որպեսզի հասկանաս՝ որքան հիմարաբար է դա հնչում, բավական է քեզ պատկերացնես այն մարդու փոխարեն, ում բամբասում ես: Լավ, սկզբում չես բամբասում, այլ քննարկում ես: Կցանկանայի՞ր, որ տղայի հետ հարաբերություններ սկսելու առաջին օրվանից ընկերուհիներդ քննարկեին, որ ձեր հարաբերությունները երկար չեն տևի, որ նա քեզանից առավել է, որ քեզ կխաբի... Դժվար թե: Եթե այն ամենը, ինչ մտածում ես, չես կարող ասել նրան, ում մասին խոսում ես, նշանակում է` բամբասում ես:
Կյանքդ փչացնելու համար գոյություն ունի երկու միջոց. ինչ-որ մեկին ինչ-որ բան ասել:
Նախ պետք է հասկանալ, որ ոչ մի երդման` «երբեք ոչ մեկի այդ մասին չասել», ամբողջությամբ վստահել ու հավատալ պետք չէ: Ի՞նչ երաշխիք, որ մարդը կընդդիմանա տպավորություն գործելու ցանկությանը` ասելով. «Իսկ ես այնպիսի բան գիտեմ...»: Այնպես որ, պատմելով լավագույն ընկերուհուդ այն, ինչն իրականում ոչ ոք չպետք է իմանա, պատրաստ եղիր, որ նա դա կպատմի թիվ երկրորդ լավագույն ընկերուհուն:
Եթե երկրորդ լավագույն ընկերուհուդ պատմում ես առաջինի գաղտնի պատմությունը, վտանգում ես ընկերությունդ ոչ թե առաջինի, այլ երկրորդի հետ: Եթե որոշում ես, որ ինչ-որ մեկին կարելի է պատմել այն, ինչի մասին խոստացել ես լռել, ի՞նչ երաշխիք, որ նույնը չի պատահի քեզ հետ: Մի խոսքով, կկորցնես վստահությունդ: Բացի այդ՝ դիմացինդ, հիմնվելով պատմածիդ վրա, կարող է հիմարություններ անել, որոնց մեղավորության մի մասն էլ քեզ վրա կընկնի: Ամենաբարի մտադրությունները վատ արդյունք են ունենում, եթե մարդիկ «փչացած հեռախոս» են խաղում: Ուրիշների խոսքերը մյուսներին հայտնելը անազնիվ զբաղմունք է: Ասեկոսեները խաթարում են ոչ միայն նրա հեղինակությունը, ում բամբասում են, այլև հենց բամբասողներինը: Բամբասանքի էությունը «թեմայի շուրջ քննարկումներն են»: Այլ հարց է պատմել` ով, ում և ինչ է նվիրել ապրիլի 7-ին, դա բոլորին է հայտնի: Բայց բամբասողներն օժտված են հարուստ երևակայությամբ և կարող են անսպասելի հարցեր տալ. նրանք այդ նվերից հետո հաստատ բոլորին կկռվեցնեն, կհաշտեցնեն և կբաժանեն այն պատճառով, որ ծնողները միմյանց չեն հավանի: Մենք շատ անգամ ենք տեսել ֆիլմերում, որ «ամեն բան այնպես չէ, ինչպես թվում է առաջին հայացքից»: Բամբասողները այդ մասին ընդհանրապես չեն հիշում և չեն էլ ուզում հիշել:

Ի՞նչ է բամբասանքը
Դա տեղեկություն է այլ մարդկանց մասին: Միանշանակ: Միայն թե` ոչ միշտ առաջին ձեռքից: Բամբասել նշանակում է պատմել այն, ինչը չի վերաբերում քեզ և նրան, ով լսում է դա:
Ինչո՞վ է դա օգտակար
Առաջին հերթին բամբասանքը օգնում է լիցքաթափվել: Եթե համակուրսեցիդ նեղացրել է քեզ, ամենապարզ միջոցը ուշադրություն չդարձնելն է. նրա մասին կարելի է խոսել ընկերուհու հետ: Արժե քննարկել բոլորովին քեզ չվերաբերող նրա հագուկապի ոճի, թատերական ուսումնարան ընդունվելու հավակնոտ ծրագրերի և այն մասին, թե որքան է քնքշանում, երբ տեսադաշտում տղաներ են հայտնվում: Այսպիսի թերապիայի ժամ է, երբ քեզ արդեն չի նյարդայնացնում նրա` քո հաշվին ինքնահաստատվելու փորձերը: Այնպես որ, եթե քեզ պետք է պարզապես արտահայտվել, բամբասիր և քեզ ավելի թեթևացած կզգաս:
Երկրորդ` ասեկոսեները, որ կողմից էլ այն դիտարկես, տեղեկատվության աղբյուր են: Դրանց չի կարելի վստահել, բայց կարող են նյութի համար լավ նախադրյալ լինել, որոնց իսկությունը պետք է ճշտել: Ոչ սովորական, խորհրդավոր և հետաքրքիր մարդկանց մասին հաճախ շատ բամբասանքներ են տարածում, ավելին` նրանք հարմարվում և ուշադրություն չեն դարձնում դրանց: Մարդու մասին ինքդ կարծիք կազմիր և մի հավատա «սարսափելի» պատմություններին: Եթե զգուշացումն այն մասին է, որ անձը բարդ մարդ է, ասվում է բացահայտ, հնարավոր է` իսկապես արժե զգույշ լինել: Այդ դեպքում չես չարախոսում, այլ գործ ունես հասարակական կարծիքի հետ, որը նույնպես հազվագյուտ աղբ է, կարևորը` վերջում կուժն ու կուլան քո գլխին չի կոտրվի:
Երրորդ` քեզ վերաբերող բամբասանքները քո հեղինակությունն են: Այն է, ինչը երբեք երեսիդ չեն ասի և այն, ինչ մտածում են քո մասին: Կարծիքները կարող են լինել շատ երևակայական և ոչ մի կապ չունենալ նրա հետ, ինչ իրականում կա: Բամբասանքը հայացք է կողքից, որ երբեմն անհրաժեշտ է:
Չորրորդ` ամեն դեպքում զազրախոսությունը վնասակար է: Ժամանակդ և ուժերդ վատնում ես նրա վրա, ինչը քեզ բոլորովին չի վերաբերում: Ուրիշների պատմությունները քննարկելու փոխարեն քո` սեփականներից գլուխ հանիր:

Հոգեբանի խորհուրդը
Ըստ Կանանց ռեսուրսային կենտրոնի հոգեբանների` բամբասանք է, երբ երկուսը խոսում են մի երրորդ անձի մասին, ով ներկա չէ այդ խոսակցությանը: Սկզբում դա քննարկման տեսք է ունենում, մարդիկ փորձում են հասկանալ` ինչ է տեղի ունեցել, ապա խնդրից անցում են կատարում բամբասվողի անձնական կյանքին, թերություններին և այլն: Բամբասելու ընթացքում սկզբնական տեղեկությունն ահռելի փոփոխությունների է ենթարկվում, քանի որ յուրաքանչյուրն այն իր պրիզմայով է ընդունում և փոխանցում: Բամբասանքը դրական ազդեցություն է ունենում միայն «վիրավորվածի» համար. նա այդ կերպ արտահայտվում է և լիցքաթափվում: Բամբասվող անձը, ընդհակառակը, հեղիանակազրկվում է կամ կորցնում վստահությունը շրջապատի աչքում: Մեծամասամբ բամբասանքով զբաղվում են անգործ մարդիկ, իսկ այդպիսիներին հոգեբանները խորհուրդ են տալիս զբաղվել որևէ գործով և մինչ որևէ տեղեկություն փոխանցելը մտածել՝ արդյոք այն հավաստի՞ է:



