Վանաձորում, Գյումրիում, Արթիկում, Սևանում և բազմաթիվ այլ համայնքներում հոկտեմբերի 2-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում էլ կընտրվեն համայնքների ղեկավարները և ավագանու անդամները: ՏԻՄ ընտրությունների անցկացումը քաղաքական ուժերին ստիպեց կենտրոնանալ տարբեր համայնքներում առկա խնդիրների վրա:
Խոսելով համայնքերի և մարզերի առջև ծառացած պրոբլեմներից` չենք կարող ուշադրության չարժանացնել Հայաստանի պայմաններում խիստ ընդգծված տարածքային համաչափ զարգացման խնդրին: Երևանը արագ տեմպերով է զարգանում, մինչդեռ մարզերը և համայնքները ենթակառուցվածքներով ապահովելու խնդիր գոյություն ունի: Այսօր Հայաստանի տնտեսական և մարդկային ռեսուրսների առյուծի բաժինը բևեռացված է Երևանում, ինչը Հայաստանի զարգացումը խոչընդոտող հանգամանքներից մեկն է:
Մարզերի զարգացմանը կարելի է հասնել միայն հետևողական աշխատանքի արդյունքում, և այս հարցում հիմնական խնդիրն այն է, թե ինչ միջոցներ են անհրաժեշտ ձեռնարկել այդ նպատակով: Նախ նշենք, որ նպատակին հասնելու համար էական նշանակություն ունի համայնքային բյուջեների էֆեկտիվ և թիրախային օգտագործումը, որին կարելի է հասնել համայնքային բյուջեների նկատմամբ վերահսկողության խստացմամբ: Առավել քան կարևոր են նաև մարզերին ուղղվող ֆինանասական դոտացիաների ավելացումը, համայքներում և մասնավորապես սահմանամերձ շրջաններում բիզնես գործունեություն ծավալելու համար հատուկ նախադրյալների ստեղծումն ու արտոնությունների տրամադրումը և այլն:
Կարծում եմ` ՏԻՄ ընտրությունները և քաղաքական համակարգում ընթացող վերադասավորումները լավ առիթ կարող են հանդիսանալ ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների համաչափ զարգացման և համայնքների բարելավման խնդիրների վրա կենտրոնանալու համար: