Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հերթական սկանդալային արտահայտությունն է արել՝ նա իրեն համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Լրագրողների առաջ ելույթի ժամանակ Դուտերտեն հայտարարել է, որ որոշ քննադատներ իրեն ներկայացնում են որպես «Հիտլերի խորթ եղբայր»:

Նշելով, որ Հիտլերը միլիոնավոր հրեաների է սպանել, Դուտերտեն ասել է. «Ֆիլիպիններում 3 մլն թմրամոլ կա: Ես երջանիկ կլինեի սպանել նրանց: Եթե Գերմանիան Հիտլեր է ունեցել, Ֆիլիպիններն ունի…»: Այդ խոսքերն ասելիս Դուտերտեն դադար է առել ու ցույց տվել իրեն՝ հայտնում է գործակալությունը:

Ավելի վաղ Դուտերտեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային անվանել էր պոռնիկի որդի և խորհուրդ տվել չմիջամտել մարդու իրավունքների պաշտպանության հարցերում: Բացի դրանից՝ «գրողի ծոցն է ուղարկել» Եվրամիությանը ԵՄ խորհրդարանի բանաձևից հետո, որը դատապարտում է թմրավաճառության դեմ պայքարի նրա մեթոդները:

Դուտերտեն նախագահ է դարձել այս տարվա մայիսին: Նրա նախընտրական խոստումներից է եղել դաժան պայքարը թմրահանցագործությունների դեմ: Ընտրվելուց հետո նա շքանշան է խոստացել թմրավաճառ սպանելու համար և խոստացել է վերականգնել մահապատիժը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել