Ներկայիս Հայաստանի դե ֆակտո տարածքում հյուսիսից հարավ ընթանալիս կլիման մոտ 7 անգամ փոփոխվում է։ Համապատասխանաբար կարելի է գտնել բարեխառն, կիսատափաստանային, տափաստանային և այլ միջավայրեր։ Բնականաբար, յուրաքանչյուր միջավայրին բնորոշ է որոշակի բուսականություն և կենդանական աշխարհ։ Ընդերքի պարունակությամբ և ոռոգման ցանցի առկայությամբ պայմանավորված՝ նաև զարգացման առավելագույն հնարավորություններ։
Մեր տանը ձեռքիս տակ մի գիրք կար՝ «Խորհուրդներ այգեգործներին». սովետական ժամանակների հրատարակություն էր, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի համար տիպիկ մշակովի բույսերի տվյալները և մշակման լավագույն տարբերակները։ Օրինակ՝ փոքրիկ մասնագիտական նրբություններ կան, ասենք, ծիրանը խաչաձև փոշոտմամբ է պտուղ տալիս։ Հետևաբար, եթե նույն տեսակի ծիրանի հարյուր ծառ իրար կողքի տնկվեն, բերքատվության խիստ ցածր մակարդակ կլինի, կամ գրեթե չի լինի, եթե այլ տեսակի ծիրանենի գոնե մոտակայքում չլինի։ Կարելի է ենթադրել, որ ծիրանի լավ բերք ստանալու համար, կարևոր պայմաններից է տարբեր տեսակի ծիրանենիների՝ իրար մոտ տնկելը, իսկ հավելյալ երաշխիք է նաև մեղուների առկայությունը տարածքում։
Դեռ դպրոցական ծրագրից հիշում ենք, որ լոբու արմատների վրա ապրում էին ազոտաբակտերիաներ, որոնք հողը հարստացնում էին ազոտով։ Հետևաբար, նույն տարածքում պարբերաբար փոխելով լոբի և կարտոֆիլ ցանքսը, կարելի է արդեն իսկ ազոտով բնական ճանապարհով հարստացված հողում հաջորդ ցանքսում ստանալ կարտոֆիլի լավ բերք։
Էսպիսի բազմաթիվ նրբություններ կան, որոնք շատ օգտակար են գյուղացիներին, այգեգործներին և հողագործներին։ Սակայն փորձեցի համացանցում գտնել վերջին ժամանակներում հրատարակված հայկական տպագրության որևէ գիրք այդ թեմաներով, չհաջողվեց ։
Մենք ունենք ագրարային համալսարան, երիտասարդներն ամեն տարի դիպլոմայիններ կամ կուրսայիններ են գրում։ Եթե ամեն կուրսի ամեն ուսանողի հստակ հանձնարարվի կոնկրետ մշակովի բույսի վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրություն՝ դրանք համապատասխանեցնելով Հայաստանյան կլիմային և տարածքային չափանիշներին, ապա մի տարվա ընթացքում կարելի է ստանալ մի հսկա գիրք-տեղեկատու-խորհրդատու։
Վստահ եմ՝ ագրագային համալսարանում կլինեն նաև ուսանողական գիտական ընկերություններ։ Եթե քաղաքական-կուսակցական թեմաներից զատ երիտասարդները զբաղվեն նաև մարզեր այցելություններով և տեղի բնակիչների համար կազմակերպեն մասնագիտացված դասընթացներ, կարծում եմ՝ հրաշալի արդյունք կարող ենք գրանցել թե՛ գյուղացիների համար, և թե՛ ապագա մասնագետների։
Կոնկրետ առաջարկներ.
Ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կուսումնասիրեն Հայաստանյան կլիմայական առանձնահատկությունները (կամ ի մի կբերեն արդեն իսկ արված ուսումնասիրությունները), կկատարեն լաբորատոր հետազոտություններ հողի վերաբերյալ տվյալները պարզելու համար։ Կուսումնասիրեն մշակովի բույսերի տվյալները և կոնկրետ տարածքների համար կառաջարկեն լավագույն լուծումները։ Տարբեր տարածքներում հողի պրոդուկտիվությունը կարելի է լավացնել։ Օրինակ՝ բարեկամներիցս մեկը մի քանի տարի առաջ ասաց, որ իրենց ընկերախմբով նմուշներ էին վերցրել Արարատյան դաշտի որոշ աղակալված ու չմշակվող հողատարածքներից և հետազոտել։ Իրենց կողմից մեթոդ էր մշակված՝ կոնկրետ տեսակի բակտերիաներով հողը մաքրել աղակալումից՝ այն դարձնելով պիտանի մշակման համար և բավականին բերրի։ Մի քանի անգամ փորձել էի կապվել ոլորտի մասնագետների հետ, ապարդյուն։
Մյուսը. որևէ տարածքում կարելի է ստանալ համեմատաբար լավ որակով նռան բերք, մի այլ տարածքում՝ ծիրանի բերք, մի ուրիշ տեղ էֆեկտիվ կլինի, ասենք, խոտաբույսերի ու դեղաբույսերի աճեցումը կամ ծաղիկները և այլն։
Կարելի է մշակվել ռազմավարական ծրագրեր՝ հայկական կլիմային համապատասխանեցված սորտերի կոնկրետ բազմացմամբ և տվյալ տարածքներին անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրմամբ։
Դրան զուգահեռ՝ տեղի բնակչության համար պետք է կազմակերպել դասընթացներ, կոնկրետ բույսերից ակնկալվող հնարավոր պրոդուկտների վերաբերյալ։ Օրինակ՝ ծիրանից կարելի է ստանալ միրգ, չրեղեն, օղի, օշարակ, յուղեր և այլն։ Պետք է բացատրել ու տեղեկացնել մարդկանց, թե կոնկրետ պրոդուկտը շուկայում ինչ պահանջարկ ունի, ինչի համար է կիրառվում և ինչպես կարելի է դա ստանալ և իրացնել։
Նուռը, բացի նռան գինի, նռան հյութ լինելուց, կարող է ծառայել նաև դեղագործական նպատակներով և այլն։
Կարելի է ուսումնասիրել դաշտային բույսերից ու ծաղիկներից օշարակների ու բուսական յուղերի ստացումը և դրանք հետագայում կոսմետիկայի և օծանելիքների մեջ կիրառելու հավանականությունները։
Կարճ ասած՝ շատ ինտենսիվ դասընթացներ են պետք կոնկրետ տարածքներում կոնկրետ թեմաներով, խիստ որոշակի արտադրությունների վերաբերյալ հստակ կազմված ծրագրային առաջարկներով և կոնկրետ տեսլականով։
Նույնը վերաբերվում է նաև կենդանական աշխարհին։
Ճիշտ բաշխված ծրագիրը կարող է ապահովել երկրի համար առավելագույն արդյունք, հետագայում տվյալ համայքները ստացված եկամուտներով կարող են հոգալ ներքին ծախսերը և կոնկրետ ոլորտների զարգացումն ու կատարելագործումը, ասենք՝ ոռոգման համակարգի կատարելագործում կամ ջերմոցային կուլտուրաներ կամ փոքրիկ մասնագիտացված գործարանների կառուցում և այլն։

Լրացուցիչ մի քանի կետ. կարիք կա զբաղվելու անտառային ծածկույթների ավելացմամբ։ Անտառային ծածկույթներից զատ, օրինակ, կան վայրեր, ավելի կոնկրետ Վայքից Սյունիք մուտքի հատվածում ճանապարհը պարբերաբար փակվում է մրրիկների, ձնաբքերի պատճառով։ Տարածքում գործնականում չկա անտառային ծածկույթ, մինչդեռ գարնան ամիսներին ձնհալով պայմանավորված կա նաև բավարար ջային հոսք։ Եթե ճանապարհի երկայնքով կոնկրետ ընտրված ծառատեսակներ և թփեր տնկվեն, ապա կարելի է էականորեն մեղմել քամու ինտենսիվությունը, ինչպես նաև բավականին կրճատել ձնաբքի պատճառով ճանապարհների փակվելը։
Վերը նշածս օրիկաներն ու առաջարկները մի շատ փոքր տոկոսն են այն ամենի, ինչը կարելի էր և պետք էր անել մինչև հիմա։ Չգիտեմ՝ ինչքանով է արվել, բայց դեռ ուշ չի թիրախային աշխատելու համար։
Հարգանքներով,
Զաքար Խոջաբաղյան
29.09.2016

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել