Panorama.am-ը գրում է.

Եվ հիվանդության, և մահացության բուրգի մեջ առաջին տեղում սրտանոթային հիվանդություններ են: Ամբողջ աշխարհում տարեկան 17 միլիոն մարդ է մահանում սրտանոթային հիվանդություններից,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

Ըստ նրա ներկայացման՝ Հայաստանում մահացության բուրգում 36-37 տոկոսը սրտանոթային հիվանդություններից մահացածներն են, հիվանդացությունը կազմում է 40 և ավելի տոկոս:  Հայաստանում ամեն տարի 55 հազար մարդու մոտ առաջին անգամ հայտնաբերվում է սրտանոթային հիվանդություն: Նրանց մի մասը պետք է լինեն մշտական հսկողության տակ, մյուս մասի դեպքում բուժումից հետո հսկողության անհրաժեշտություն չի լինում: Նա ասաց, որ, ընդհանուր առմամբ, ոչ վարակիչ հիվանդությունները, որոնք այսօր ծանր բեռ են առողջապահության համար, առաջին տեղում նույնպես սրտանոթային հիվանդություններն են: 

Ծ. Վարդանյանի խոսքով՝ այսօր Հայաստանի առողջապահության  նախարարությունը  իրականացնում է նույնպիսի միջոցառումներ, ինչ ամբողջ աշխարհում:  Ըստ ԱՆ ներկայացուցչի, սրտանոթային հիվանդությունների 80 տոկոսը կանխարգելելի է, եթե վարեն առողջ ապրելակերպ, ճիշտ պայքարեն ռիսկի գործոնների դեմ: Ռիսկի գործոններն են՝ ծխախոտի ամենօրյա օգտագործում, ալկոհոլի չարաշահում, կերակրի աղի քանակի ավելցուկային օգտագործում, հիպոդինամիա՝ թերշարժունակություն, քաշի ավելցուկ, բարձր զարկերակային ճնշում և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել