Մասնագիտությամբ բժիշկ ու գործունեությամբ ապահովագրության կազմակերպիչ Լ. Ալթունյանի առաջին հարցազրույցում (կարծեմ ՀԺ-ում էր) բացակայում էր պարտադիր ապահովագրության անցնելու վերաբերյալ վարչապետի հանձնարարականի կամ սեփական մտադրության թեման: Եվ ես զարմացա՝ բա էլ ինչու է որպես առողջապահության նախարար ընտրվել հենց ինքը: Հետո այդ թեման արծարծվեց, ու «ամեն ինչ ընկավ տեղը»՝ միաժամանակ բացահայտելով և խնդիրը. շարքային հայաստանցին այնքան աղքատ է, որ չի կարող թույլատրել իրեն ապահովագրելու իր առողջությունը: Եվ եթե դա պարտադրվի, ապա կբերի նոր սոցիալական ընդվզման ճիշտ այնպես, ինչպես կուտակայինը: Ժամանակին Տ. Սարգսյանը բյուջետային աշխատողների համար մտցրեց սոցիալական փաթեթը՝ փորձելով այդպես աջակցել առողջապահության ապահովագրության զարգացմանը: Բայց մեկ-երկու տարի անց փաթեթը մնաց, սակայն ապահովագրական ընկերությունները դուրս թռան: Այսինքն՝ փորձը ձախողվեց, ինչը նշանակում է, որ պարտադիր առողջապահական ապահովագրության, ինչն ինքնին դրական երևույթ է, ժամանակը դեռևս չի եկել. ո՛չ հայաստանցին է ունևոր, և ո՛չ էլ պետությունն է այնքան հարուստ, որ այդ բեռը վերցնի իր վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: