Օրվա խորհուրդը: /23.03.2012/
Մեծ պահքի 33-րդ օր
Թե եկեղեցական, թե ազգային կյանքում արտաքին տարբեր արտահայտչաձևեր ստացած տոները, հիշատակության օրերը կարգված են հստակ առաքելությամբ` անհատի գիտակցության մեջ արթուն պահել որոշակի պատմական իրողությունների հետ կապը: Այն իր հերթին ենթագիտակցական հաղորդությունն է ստեղծում անցյալի և ներկայի միջև` վերապրեցնելով և ծառայեցնելով այդ ամենը նույն ոգով և հարազատությամբ ապագայի կերտմանը: Եւ ազգային, և հոգևոր շերտերում այս ամենը գրեթե նույնական է և անմիջականորեն աղերսվում է թե անհատին, թե հանրությանը: Ազգայինի պարագային հասցեատերն առավելաբար հանրությունն է` հավաքական ազգային մտածելակերպի և գիտակցության զորացման մղումով: Հոգևորի պարագային` հիմնականում անհատի ներքին, ներհայեցողական ապրումները, որոնց միջոցով և ակնկալվում է անհատ-հանրություն անցումով ողջ հասարակության բարոյական սրբագրումն ու բյուրեղացումը որոշակի հոգևոր արժեհամակարգի համեմատ:
Մեր ժողովուրդը, որ իր գոյության ընթացքին` ազատության և այլազգիներին հպատակության մեջ եղած ժամանակշրջաններում տեսած տարբեր վարչակարգերի, միևնույն է, միշտ մնացել է կրողը քրիստոնեական մշակույթի` ազգայնացված և համեմված նաև նախաքրիստոնեական շրջանի որոշ ավանդույթներով ու սովորություններով: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանության` քրիստոնեական վարդապետության փրկչաբանական ողջ զորությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարության խորհուրդն է. ՙԵթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եւ եթե Քրիստոս հարություն չի առել, ի զուր է մեր քարոզությունը, ի զուր է և ձեր հավատը՚ (Ա Կորնթ. 15.13-14): Հարությամբ է իմաստ ստանում քրիստոնյայի կյանքը` խարսխված Տիրոջ պատվիրանների վրա, որովհետև Աստծու Որդուª խաչի վրա մահվամբ և հարությամբ մարդը վերստին հավիտենական կյանք ունենալու իր կոչմանն արժանացավ: Հարության հույսով գոտեպնդված` դարերի ընթացքում իրեն բաժին ընկած փորձությունները հաղթականորեն վերապրել է նաև հայ ժողովուրդը: Եկեղեցական օրացույցի ողջ տարին դառնում է Հարության տոնի շուրջը և պայմանավորվում Հիսուս Քրիստոսի փրկչական առաքելությամբ, որին փարվողները պիտի հայտնվեն Տիրոջ մոտ` երկնքի արքայության մեջ: Քրիստոնյայի այս անդրանցական հոգևոր ճամփորդությունը տարվա մեջ ունի իր հստակ հանգրվան-պարտականությունները, որոնց կատարումով է նա զորանում իր հավատի մեջ և շնորհ ու ողորմություն գտնում Աստծուց: Հանգրվաններից մեկն էլ հենց Մեծ պահքն է, երբ Բուն Բարեկենդանից մինչև Ծաղկազարդ` Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, ձգվող քառասնօրյա շրջանը քրիստոնյան պատրաստվում է հանդիպման, ողջագուրման Տիրոջ հետ: Ապա հաջորդ` Ավագ շաբաթվա յոթ օրերը քայլելով Տիրոջ հետ միասին` պայծառանում Նրա հարությամբ և հաղորդ դառնում Տիրոջ փրկչական մարմնին և արյան: Մեծ պահքի մեր այս ճամփորդության մեջ, երբ ավելի ու ավելի ենք մոտենում Ս. Հարության տոնին, հեռու վանենք մեզանից վայելքներն ու գայթակղությունները, ապրենք ինքնամփոփման, ներհայեցողության, խաղաղության, զղջման և ապաշխարության, մեղքերից մաքրագործման մի շրջան: Սա է, որ առաջնորդում է մեզ քրիստոնյաներիս աստվածանմանության և ներքին ներդաշնակության, որպեսզի լինենք ՙկատարյալ, ինչպես մեր Երկնավոր Հայրն է կատարյալ՚ (Մատթ. 5.48):