Կոմսոմոլական ոգևորությամբ և հոգեբանությամբ առաջնորդվող պաշտոններ ստացած որոշ տղեկների թվում է, թե իրենք են միայն այս երկրի զավակներն ու հարազատները, իսկ մյուսներս չարակամ ու խռոված բախտի խորթ զավակներն ենք... Նրանք ուրախանում են հաջողություններով, իսկ մենք ահա տխրում... Սխալվում են պարոնայք երիտհայերը, քանզի այս երկիրը մենք ենք ստեղծել այն ժամանակ, երբ իրենք դեռ վազվզում էին սեղանների տակ կամ մամաների փեշերից բռնած՝ այսահարվում թաղի տղաներից... Հայաստանը մենք ենք, բոլորս, ովքեր մտահոգված ենք մեր ստեղծածով, մեր հարազատով, մեր զավակով: Հայաստանը մենք ենք, որովհետև մենք ենք օրեր շարունակ կանգնել Ազատության հրապարակում, ազգային միասնության ճշմարիտ օրինակը ցույց տվել աշխարհին, կռվել ենք պատերազմի դաշտում ու պաշտպանել մեր սահմանները: Հայաստանը մենք ենք, որովհետև ամեն մի այլանդակություն առաջին հերթին մեր սիրտն է խոցում... Մենք չենք ուրախանում վատ ընտրություններով, ընտրակեղծիքներով, այլ գլուխներս ենք կախում այսօրվա երիտասարդների առաջ և ներողություն խնդրում, որ թույլ եղանք, չկարողացանք երկիրը պաշտպանել ներքին թշնամուց, բաշիբոզուկների բանակներից, հեղափոխության մակաբույծներից: Ես այսօրվա ընտրությունների համար չեմ մեղադրում իշխանություններին, այլ շնորհավորում եմ նրանց պյուռոսյան հաղթանակը... Մեղադրում եմ բոլորիս, որ կարողանում ենք ծախվել 5 հազար դրամով, լֆիկների մատուցած ճաշերով, կարողանում ենք քծնել. շաղակրատել, հանդուրժել ու լռել: Ասում են՝ հաղթողներին չեն դատում: Դա կեղծ հասկացություն է, թույլերի փիլիսոփայությունն է: Հաղթողներին կդատի ժամանակը, կդատեն արթնացող սերունդները...
Ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ 1988-ին կոչեր հնչեցնելով հրապարականերում, պայքարելով ժողովրդավարության համար, այսօր ես թույլ գտնվեցի՝ պաշտպանելու մեր իսկ ստեղծած ժողովրդավարությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել